«Պարգևիր ժպիտը» դրամահավաք չի կազմակերպում, մի խաբվե’ք. DJ Vakcina
«Պարգևիր ժպիտ» հասարակական կազմակերպությունը գոյություն ունի 2010թ-ից, այն զբաղվում է բարեգործությամբ` նյութապես օգնում է երեխաներին և կարիքավոր ընտանիքներին: Սակայն ՀԿ-ն չի զբաղվում դրամահավաքությամբ, հավաքագրում են միայն գրենական պիտույքներ, խաղալիքներ, հագուստ, սնունդ և այլն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «The Laboratory» ընկերության հիմնադիր Արուսիկ Մկրտչյանը ( DJ Vakcina)` տեղեկացնելով, որ անցած տարիների ընթացքում բազմաթիվ կարիքավոր ընտանիքներ, մանկատներ ու գիշերօթիկ դպրոցներ օժանդակություն են ստացել:
««Պարգևիր ժպիտ» անունը արդեն հայտնի է մարդկանց և վստահություն է ներշնչում, շատերն են մեզ միացել: Սակայն բոլորովին վերջերս իմացանք, որ մեր անվան տակ ինչ-որ մարդիկ սկսել են դրամահավաք իրականացնել, գումար հավաքել` օգտագործելով մեր անունը, կազմակերպության լոգոն ու այդպիսով թյուրիմացության մեջ գցելով քաղաքացիներին»,- տեղեկացրեց Ա.Մկրտչյանը:
Նախքան ոստիկանությանն ու իրավապահ մարմիններին այդ մասին տեղեկացնելը, ինքը` Ա.Մկրտչյանը, ինչպես նաև Քաղաքացիական մասնակցության զարգացման կենտրոնի նախագահ Մերի Մարգարյանը և «Պարգևիր ժպիտ» ՀԿ նախագահ Լիանա Մանուսաջյանը որոշել են ասուլիսով դիմել հանրությանը և զգուշացնել` դրամաշորթների հետ իրենց կազմակերպությունը կապ չունի:
«Եղել է դեպք, որ ես սրճարանում եմ տեսել այդ դրամահավաք արկղերը, որոնց վրա մեր լոգոն է փակցված, նաև սուպերմարկետում տեղադրված: Իհարկե, որտեղ տեսնում ենք, մենք բացատրում ենք իրավիճակը և արկղերը հանվում են, բայց բոլոր տեղերում տեսնել ու զգուշացնել չենք կարող, ինչպես նաև շենքերում, որտեղ ևս դուռը թակում ու գումար են պահանջում կազմակերպության անվան տակ:
«Մի խաբվեք»,- հայտարարեց բանախոսը:
Իրավիճակը չփոխվելու դեպքում կազմակերպությունն արդեն կդիմի համապատասխան մարմիններին, քանի որ կազմակերպությունը և կազմակերպության լոգոն պաշտոնապես գրանցված են: