Վարդավառը մեր կյանքը փոխելու, սրբագրելու տոն է, ոչ թե մեկս մյուսի վրա ջուր լցնելու. Քահանա (Տեսանյութ)
Այս տոնը մեզ տալիս է հնարավորություն Քրիստոսի օրինակով պայծառակերպվելու և փոխելու մեր կյանքը` սրբագրելով մեր կյանքից ամեն տեսակ մեղավոր չար հակումներ և ցանկություններ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը` անդրադառնալով Վարդավառին, որ նշելու ենք արդեն այս կիրակի:
Ըստ բանախոսի, այս տոնի հիմքում ավելի շատ հենց դա է դրված, քան մեկս մյուսի վրա ջուր լցնելը. «Դա ընդամենը ավանդույթ է, որից ավելի կարևոր ունենք պատարագի խորհուրդը»:
Ինչ վերաբերում է եկեղեցուն, ապա վերջինս ժողովրդի կյանքում ամրագրված ավանդույթների դեմ երբեք չի պայքարել և չի էլ պայքարում, այսինքն` ընդգծեց նա, շա ժողովրդական ավանդույթներ են, որոնք մեր հոգևոր զգացումներին ու հավատքին երբեք չեն խանգարում. «Եվ բացասական կողմը միայն նրանում է, որ մարդիկ մտածում են, թե Վարդավառի իմաստը մեկը մյուսի վրա ջուր ցողելն է»:
Տեր Եսայի քահանա Արթենյանը նկատեց, որ այս ավանդույթները չեն արժևորվում և մենք շարունակում ենք անցյալով ապրել ու թեև դրանք, բնականաբար, պետք է պահպանվեն, բայց դրան զուգահեռ պետք է հիշել, որ կյանքը շարունակվում է:
«Եվ ուրեմն շատ կարևոր է, որ մենք կարողանանք նաև նոր ավանդույթներ ձևավորել, մեր օրերի համար: Իմ մտահոգություններից մեկը հենց դա է` ինչո՞ւ մենք նոր ավանդույթներ չենք ձևավորում»,- հավելեց բանախոսը: