Չինաստանի բնակչության 1%-ին է պատկանում երկրի ամբողջ հարստության 1/3-ը
Չինաստանի ամբողջ հարստության 1/3-ը պատկանում է երկրի բնակչության 1%-ին: Նման տվյալներ հրապարակել է Պեկինի համալսարանն իր զեկույցում: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»` հղում անելով «Սինխուա» գործակալությանը:
ՀՆԱ-ի արագ ավելացմանը զուգահեռ, վերջին տարիներին Չինաստանում կտրուկ աճում է Ջինիի գործակիցը, որը բնութագրում է հասարակության շերտավորումն` ըստ եկամուտների: Մասնավորապես, եթե 1995-ին այն կազմել է 0,45, ապա 2012-ին` 0,73: Այսպիսով՝ դա նշանակում է, որ այդ ցուցանիշն ավելի է մոտենում կրիտիկական գծին` 1-ին, որը նշանակում է բացարձակ անհավասարություն:
Հետազոտողները չինական տնային տնտեսությունները բաժանել են 5 տեսակի` աղքատներ ու հիվանդներ, «մրջյուններ», «խխունջներ», մարդիկ` լավ և կայուն սպառումով, ինչպես նաև` հարուստներ:
Աղքատներն ու հիվանդները իրենց գրեթե ամբողջ եկամուտը ծախսում են դեղերի համար, նրանք հեշտությամբ կարող են հասնել բացարձակ աղքատության: «Մրջյունները» տարբերվում են իրենց համեստ եկամուտով, իսկ «խխունջները» արդեն կարող են կուտակել, սակայն միջոցների խնայողությունը նրանց սպառումների մակարդակը հավասարեցնում է նախորդ երկուսին: Մյուս երկու խմբերը, այսպես կոչված, միջին դասն են և չափազանց ապահովված մարդիկ:
Միևնույն ժամամանակ չի կարելի ասել, որ Չինաստանում գործում է «հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատները` աղքատանում» սկզբունքը: Չինաստանի բնակչության միջին եկամուտը 2014թ-ի առաջին կիսամյակում, ըստ հետազոտության, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 10 տոկոսով: