Երեք մերկ հանցագործներ ռեստորանից 60 համբուրգեր են գողացել
Ֆլորիդայի «Doc's Beach House» ռեստորանից կատարած գողությունը մի կուշտ զվարճացրել է թե' ռեստորանի աշխատակիցներին, թե' ոստիկաններին. Գիշերը հաստատություն են ներթափանցել երեք բոլորովին մերկ տղամարդ և գողացել 60 համբուրգեր, 1.5 կգ բեկոն, մի քանի բիբար և տախտակ` մթերք կտրատելու համար: Այս մասին գրում է «Newsru.com»-ը:
Աղբյուրը նշում է, որ հանցագործներին փնտրում են տեսագրության կադրերի օգնությամբ, սակայն որոշ կադրեր հասկանալի պատճառներով հնարավոր չէ հրապարակել:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 20-ին: Հայտնաբերելով, որ իրենք տեսախցիկների տակ են, տղամարդիկ փորձել են փակել դեմքները և շուռ տալ տեսախցիկը, սակայն տարածքում եղել է ևս մի տեսախցիկ: Այսպիսով` հաջորդ օրն իսկ ոստիկանների տիրապետության տակ էր շուրջ 200 կադր, որոնց վրա հանցագործները բոլորովին մերկ են: Դրանց մի մասը հրապարակվել են տեղի թերթերում` գուցե ինչ-որ մեկը ճանաչի նրանց:
Մինչդեռ ռեստորանի սեփականատերն ու աշխատակիցները ժպիտով են վերաբերում հանցագործությանը և կարծես համակերպվել են 60 համբուրգերի ու մնացած սննդի կորստի հետ: Չէ՞ որ փոխարենը նման շոուի ականատեսն են դարձել:
Ռեստորանի տնօրենն ասել է, որ իրենց գործունեության 27 տարիների ընթացքում շատ բաների միջով են անցել, գողության զոհ էլ են դարձել, բայց մինչ օրս հանցագործները փորձել են իրենց հետ տանել գանձարանը և ոչ ոք չի թալանել խոհանոցը:
Ու թեև իրավիճակը զվարճալի-զավեշտալի է, այնուամենայնիվ երեք մերկ հանցագործներին սպառնում է լուրջ պատիժ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին