Շուրջ 200 ժամկետային զինծառայողներ հանդիպել են ծնողներին
Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով, ԼՂՀ պաշտպանության նախարար- ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի նախաձեռնությամբ, Երևանից զորակոչված շուրջ 200 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին:
Երևանում կայացած այս հանդիպումը շարունակական է, նախաձեռնությունը` Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:
«Տարեկան առնվազն երկու անգամ կազմակերպում ենք այդ այցերը, ինչի արդյունքում ծնողները հնարավորություն են ստանում հենց տեղում ծանոթանալու իրենց որդիների ծառայության պայմաններին: Իսկ այս անգամ ԼՂՀ պաշտպանության նախարարությունն է հանդես եկել նախաձեռնությամբ, ինչն իսկապես ողջունելի է: Եվ այսօր Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների շուրջ 200 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել արդեն Երևանում հանդիպելու իրենց ծնողներին ու հարազատներին: Համոզված եմ, որ այս նախաձեռնությունը ևս լինելու է շարունակական»,- ասել է Երևանի քաղաքապետը, ըստ քաղաքապետարանի հաղորդագրության:
ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով որդիական պարտքը հայրենիքի հանդեպ նվիրումով կատարող ժամկետային զինծառայողների ծնողներն արժանացել են շնորհակալագրերի: Շնորհակալագրերը հանձնելով ծնողներին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը նշել է. «Այս դահլիճում նստած զինվորները և հազարավոր այն տղաները, ովքեր իրականացնում են իրենց ծառայությունը, քաջ գիտակցում են, որ հայրենիքը սկսվում է սահմաններից և որքան ամուր է սահմանը, այնքան հզոր է երկիրն ու նրա մայրաքաղաքը: Եվ այս գիտակցության շնորհիվ է, որ մեր պետությունն այսօր կա ու մեր ժողովրդի համար արարում, բարիքներ է ստեղծում անգամ շրջափակման մեջ: Ինձ համար նաև մեծ պատիվ է դեմ առ դեմ հանդիպել այն ծնողին, ով իր զավակին կրթել, դաստիարակել է հայրենասեր և ուղարկել բանակ: Ու հենց նրանց շնորհիվ է, որ մեր բանակն այսօր հզոր է»:
Մ. Հակոբյանը, ԼՂՀ պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության համար, Տարոն Մարգարյանին պարգևատրել է Պաշտպանության բանակի հուշամեդալով: