Չինաստանում «Ավատարին» մրցակից ֆիլմ կնկարահանվի
Century Media չինական ընկերությունը մտադիր է ստեղծել Bainiaoyi նոր 3D-ֆիլմ, որը կարող է մրցակցել է Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի հետ: Այս մասին գրում է «Լենտա. ռու»-ն՝ հղում անելով «Սինխուրա» գործակալությանը: Ըստ աղբյուրի` ֆիլմի պրեմիերան կկայանա 2016 թվականին:
Կինոժապավենի սցենարը մասամբ համընկնում է Քեմերոնի կինոնկարի սցենարին: Ֆիլմը հիմնված կլինի Չժուան փոքրամասնության հնագույն պատմության վրա: Ֆիլմի սյուժեի կենտրոնում Գուկա անունով երիտասարդն է, ով փորձում է գտնել bainiaoyi-ին, որը հագուստի կախարդական մաս է կազմում: Միայն դրա օգնությամբ կարելի է հաղթել չար վիշապին, որը հետապնդում է Չժուան ազգին:
«Մեր թիմի նպատակն է ստեղծել արևելյան դյուցազներգական ֆանտաստիկա, որը կարող է մրցակցել «Ավատարի» հետ,-հայտարարել է Century Media Company-ի գլխավոր մենեջերը: Նրա խոսքով, ֆիլմը պետք է դառնա չինական ժողովրդական բանահյուսության լավագույն էկրանավորումը:
Նկարահանումները կսկսվեն 2015-ի մայիսից՝ Չինաստանի հարավում: Ֆիլմի վրա կաշխատեն «Ավատարի» և «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմերի հատուկ էֆֆեկտների ռեժիսորները, «Տերմինատոր 2» ֆիլմի և «Ինչպես ընտելացնել վիշապին» մուլտֆիլմի սցենարիստները: