«Սեն Արևշատյանը մեծ ավանդ թողած հսկա գիտնական էր». տեղի ունեցավ նրա հոգեհանգիստը
Այսօր Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ անվանի գիտնական, հայագետ, ակադեմիկոս, փիլիսոփա, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանի քաղաքացիական հոգեհանգիստը: Մտավորականի հոգեհանգստին ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Աժ նախագահ Գալուստ Սահակյանը, մտավորականներ և այլոք:
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սեն Արևշատյանի արածը հսկա վաստակ է, և դա, անշուշտ, հայ մատենագրության մեջ կապրի մշտապես:
«Նրա գոյությունը բազմանիստ, բազմաշերտ էր: Նա մեծ ավանդ թողած հսկա գիտնական էր»,- ասաց Տ. Մանսուրյանը:
Լեզվաբան Արտեմ Սարգսյանի խոսքերով` հայ ժողվուրդի համար Ս.Արևշատյանի կորուստը մեծ է:
«Մենք մեծ գիտնականի կորցրինք, մեծ հայի, մտավորականի: Նա իր աշխատություններով կմնա հաջորդ սերունդների համար: Նման անձնավորություններ պետք է դեռ լինեն: Այնքան մեծ է կորուստը, որ մենք դեռ չենք էլ գիտակցում կորստի ահռելիությունը»,- նշեց Ա.Սարգսյանը:
Ըստ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի` մտավորականությունը կորցրեց փայլուն գիտնականի և մեծ փիլիսոփայի:
«Քառորդ դարից ավելի նա եղել է Մատենադարանի տնօրեն, և իր օրոք Մատենադարանը դարձավ գիտական ուսումնասիրությունների կենտրոն, որում աշխատում էին ոչ միայն հայ, այլև արտասահմանցի գիտնականներ: Արևշատյանն ապրեց մեծ, բովանդակալից և երջանիկ կյանքով, որի ընթացքում իրականացրեց իր գիտական մտադրությունները»,- ասաց Ռ.Մարտիրոսյանը:
Նշենք, որ անվանի գիտնականին վերջին հրաժեշտը ու հարգանքի տուրքը կմատուցվի հուլիսի 29-ին` ժամը 12:00-ից մինչև 14:00-ը, Գիտությունների ազգային ակադեմիայում: