Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում առևտրի և ժամանցի կենտրոն է կառուցվում
Հյուսիսային պողոտայում վերանորոգման աշխատանքների ավարտը նախատեսվում է օգոստոսի վերջին: Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ մոտ 5 մլն դրամ ներդրումներ պահանջած վերանորոգումից հետո պողոտան «նոր կահավորանքով» է ներկայանալու:
«Ամբողջությամբ փոխվում են սալիկները իտալականով` դրանք գրանիտե են և շատ երկար կպահպանվեն: Ավելանում է կանաչ տարածքը` մոտ 3 անգամ: Աղբամաններն ու նստարանները, արտաքին լուսավորումն ամբողջությամբ փոխվելու են»,- ասաց նա:
Փոխքաղաքապետը վստահեցրեց, որ աշխատանքները համաձայնեցվում են Երևանի քաղաքապետարանի հետ, ամենօրյա հսկողություն է իրականացվում:
«Հյուսիսային պողոտայի վերանորոգման հրաշալի ծրագրի վրա որոշակի ցեխ են նետում: Այնտեղ աշխատանքները չէինք կարող սկսել ոչ վաղ գարնանը, ոչ ուշ աշնանը: Մեկնարկեցին այն ժամանակ, երբ եղանակային պայմանները թույլ էին տալիս: Հասկանալի է, որ ամառային հանգստի ընթացքում որոշակի անհարմարություններ կան, բայց պիտի հասկանանք, որ դա ժամանակավոր է: Աշխատանքները եղանակային պայմանների պատճառով էին դանդաղ ընթանում, բայց այսօր ամբողջ թափով իրականացվում են»,- ասաց նա:
Դավիթ Օհանյանը տեղեկացրեց, որ Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում կառուցապատողը առևտրի և ժամանցի կենտրոն է կառուցում. «Սեփական տարածքի վրա է կառուցում, քաղաքապետարանը որևէ հատկացում չի արել: Այդ հատվածը եղել է մասնավոր, մասնավորից անցել է մեկ այլ մասնավորի»:
Թե երբ է կառուցվելու ստորգետնյա հատվածը, քաղաքապետի տեղակալը չկարողացավ ասել:
Հարակից թեմա`
Հյուսիսային պողոտայի տևական վերանորոգումը չի խթանում զբոսաշրջութունը