«Բանավեճի ակումբը» ամփոփել է երկրորդ տարեշրջանի առաջին խաղափուլը
Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի և «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Բանավեճի ակումբը» ամփոփել է երկրորդ տարեշրջանի առաջին խաղափուլը, որին մասնակցել է 60 թիմ։ Եզրափակիչ հասած երեք թիմերով վերջին խաղերի արդյունքներով հաղթող է ճանաչվել «Դավթաշեն» թիմը։ Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Արդեն երկրորդ տարեշրջանն է, ինչ «Բանավեճի ակումբը» երիտասարդների քննարկմանն է առաջարկում ամենասուր քաղաքական հարցերից մինչև կենցաղային նշանակության թեմաներ, այն ամենը ինչ հուզում է երիտասարդներին ու կարող է քննարկման առարկա դառնալ։ Ստեղծվում է սոցցանցերի և այլ քննարկումներին առավել առողջ ու արդյունավետ այլընտրանք, կենդանի շփում, բուռն բանավեճ, որը մերժում է շատախոսությունը և հաճախ դառնում է առաջարկություն, ինչպես, օրինակ, հեծանվուղու ծրագրի դեպքում էր։ Այդպիսով, ակումբը նաև գործնական նշանակություն ունի. հաճախ քննարկվում են քաղաքապետարանի՝ երիտասարդներին վերաբերող և այլ ծրագրեր, վերհանվում, զտվում է դրանց նպատակահարմարությունը՝ երիտասարդների տեսանկյունից»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական, քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը։
«Բանավեճի ակում»-ի խաղերի ժյուրին կազմված է տարբեր մասնագետներից, որպեսզի յուրաքանչյուր խաղ-քննարկմանը ներկա լինի թեմային գիտակ անդամ։
Երկրորդ տարեշրջանի, առաջին խաղափուլը մեկնարկել էր փետրվարից։ Մասնակից 60 թիմերից 35-ը ի սկզբանե որպես թիմ էին հայտագրվել, իսկ 25-ը ձևավորվել էին անհատ հայտատուներից։
Այս տարեշրջանի երկրորդ խաղափուլի թիմերի հայտագրումը կմեկնարկի օգոստոսի կեսերին, կազմակեպիչների խոսքով՝ խստացված պահանջներով, քանի որ ակումբը կայացման հաստատուն ուղիով է ընթանում։