Անհանգստություն Սիրիայում և Գազայում հումանիտար իրավիճակի սրման կապակցությամբ
ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի` մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսն իր անհանգստությունն է հայտնել Սիրիայում և Գազայում հումանիտար իրավիճակի սրման կապակցությամբ: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:
Ամոսը ՄԱԿ ԱԽ-ին տեղեկացրել է Սիրիայի հումանիտար իրավիճակի մասին, որտեղ միլիոնավոր մարդիկ հրատապ օգնության և պաշտպանության կարիք ունեն:
ՄԱԿ ներկայացուցիչը նշել է, որ հակամարտության բոլոր կողմերը շարունակում են հարձակվել քաղաքացիների վրա և կոպիտ խախտում են մարդու հիմնարար իրավունքներն ու միջազգային հումանիտար իրավունքի հիմնական սկզբունքները: Նա ներկայացրել է բժշկական, կենսական նշանակություն ունեցող հաստատությունների ու օբյեկտների վրա կատարված հարձակման դեպքերը, նշել, որ այս ամսվա ընթացքում կրճատվել է հումանիտար օգնություն տրամադրելու ծավալները:
Ամոսն անդրադարձել է նաև կարճ հրադադարից հետո Գազայում բռնությունների թեժացմանը և դրանից բխող հետևանքներին:
«ՄԱԿ դպրոցի ուղղությամբ ևս մեկ հարված է իրականացվել: Դպրոցը որպես ապաստան էր ծառայում պաղեստիցիների համար: Դպրոցի վրա հարձակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Կրկին սպանվել են երեխաներ և քաղաքացիներ»,-ասել է Ամոսը` ավելացնելով, որ հարձակման է ենթարկվել ՄԱԿ` հումանիտար հարցերը համակարգող վարչության շենքը:
«Գազայի բնակիչները ջրի, սննդի, բժշկական ծառայությունների, անվտանգ ապաստանի կարիք ունեն: Հումանիտար կազմակերպության անձնակազմը ձեռնարկում է հնարավոր ամեն ինչ` հուսահատ վիճակում հայտնված մարդկանց օգնելու համար»,-ընդգծել է ՄԱԿ ներկայացուցիչը:
Ռազմական գործողությունների արդյունքում Գազայի 250 հազար բնակիչ ստիպված էր լքել իր տունը և փախուստի դիմել: Նրանցից 200 հազարը ապաստանել է ՄԱԿ դպրոցներում:
Ամոսի խոսքով` Պարենի համաշխարհային ծրագիրը արտահերթ հումանիտար օգնություն է տրամադրում 204 հազար մարդու: