ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը հորդորում է խստորեն հետևել միգրացիոն օրենսդրության պահանջներին
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետոթյան դեսպանությունը հորդորում է ՌԴ-ում աշխատանքի, ուսման, բուժման և այլ նպատակներով երկարաժամկետ գտնվող ՀՀ քաղաքացիներին խստիվ հետևել ՌԴ միգրացիոն օրենսդրության պահանջներին, որոնք սահմանում են ՌԴ տարածք մուտք գործելու, երկրում գտնվելու ժամկետները և համապատասխան կարգն օտարերկրացիների համար: Այս հայտարարությունը տարածել է ՀՀ ԱԳՆ-ն, հաշվի առնելով՝ ամառային հանգստի շրջանի մեկնարկի և ավարտի կապակցությամբ ՌԴ տարածք մուտք ու ելք գործելու հաճախականության մեծացումը:
«ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ՌԴ տարածք մուտք գործող և երկրից մեկնող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս՝ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության պաշտոնական կայքում տեղադրված էլեկտրոնային անձնական տվյալների բազայի միջոցով նախապես ստուգել այն հիմքերի առկայությունը, որոնք սահմանափակում են օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը ՌԴ տարածք:
Նկատի ունենալով այն, որ ՌԴ վերադառնալիս սահմանակետին նախկինում իրավախախտումներ ունեցող քաղաքացիները կարող են հանդիպել խնդիրների և դժվարությունների, ՌԴ միգրացիոն ծառայության վերոնշյալ տվյալների բազան էլեկտրոնային հարցման միջոցով հնարավորություն է ընձեռում նախապես պարզել, թե օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մոտ կան արդյոք ՌԴ տարածք մուտքն արգելող հիմքեր, թե ոչ:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կոչ է անում ժամանակին դիմել տեղի իրավասու մարմինների խորհրդատվությանը` ՌԴ միգրացիոն կանոններին հակասող գործողություններից խուսափելու նպատակով»: