Նոր համակարգչային սրահ Պեմզաշեն գյուղում՝ Orange հիմնադրամի աջակցությամբ
Հայաստանի հեռավոր և խոցելի համայնքների աջակցության և կայուն զարգացմանն ուղղված Orange հիմնադրամի ծրագրի շրջանակներում հերթական համակարգչային սրահն է ստեղծվել Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում:
Orange հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հիմնադրամի և «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով նորաբաց սրահը համալրվել է 7 համակարգչով, տպիչով, Orange-ի MyBox երթուղիչով, որն ապահովում է ներբեռնման մինչև 21.6Մբ/վ արագություն, և հարմարավետ կահավորանքով: Համակարգչային սրահը թույլ կտա գյուղի բնակիչներին մոտ լինել աշխարհին ինտերնետի միջոցով: Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել նաև հատուկ համակարգչային դասընթացների, որոնք թույլ կտան առավել հեշտությամբ օգտագործել տրամադրված արքավորումները և ինտերնետ ծառայությունների ընձեռած հնարավորություններն ավելի հասանելի կդարձնեն գյուղի բնակիչների համար:
«Orange հիմնադրամը մեծապես կարևորում է գյուղական համայնքների զարգացումը: Հավատացած ենք, որ այս համակարգչային կենտրոնը Պեմզաշեն գյուղի բնակիչներին հնարավորություն կընձեռի օգտվել արագ զարգացող ժամանակակից տեխնոլոգիաների տրամադրած առավելություններից և կնպաստի իրենց կյանքի կրթական ինչպես նաև սոցիալական բաղադրիչների բարելավմանը»,- ասաց Orange Արմենիա հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Գյուղական համայքներին ուղղված այս ծրագիրը միտված է աջակցել համայքների սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ վերջիններիս հնարավորություն տալով լիովին օգտագործել բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները: Նման համակարգչային սրահներ բացվել են արդեն թվով Հայաստանի տարբեր մարզերի 20-ից ավելի գյուղերում: