Գորիսում առաջին անգամ տեղի կունենա «Սյունյաց ավանդույթներ» փառատոնը
Օգոստոսի 23-ին Գորիսում առաջին անգամ տեղի կունենա «Սյունյաց ավանդույթներ» փառատոնը, որի նպատակն է նպաստել Գորիսում և շրջակա համայնքներում զբոսաշրջության զարգացմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Փառատոնը կմեկնարկի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակից և կշարունակվի քաղաքի կենտրոնական հատվածում ու Հին Գորիսում: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն մի շարք մրցանակաբաշխություններ` լավագույն թթի օղի, լավագույն դոշաբ, լավագույն չորացրած թութ անվանակարգերում:
Փառատոնի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան տեսնել, թե ինչպես է թորվում օղին, պատրաստվում թթի դոշաբը, չորաթանը, նրանք նաև ականատես կլինեն ավանդական ճաշատեսակների պատրաստմանը:
Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը նշեց, որ փառատոնը կհետաքրքրի հատկապես զբոսաշրջիկներին:
«Այս փառատոնի նպատակն է ոչ միայն գորիսեցիներին իրենց առօրյայից մի փոքր կտրել, այլ նաև Գորիսում տուրիզմը զարգացնել, ինչի արդյունքում նաև կապահովենք մեր քաղաքացիների բարեկեցությունը»,- ասաց քաղաքապետը:
«Արենի» փառատոն հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի խոսքերով` նման փառատոները տալիս են հնարավորություն, որպեսզի զբոսաշրջիկներն ավելի շատ մարզեր այցելեն, բացի այդ, զարգանում է տվյալ տարածքի տնտեսությունը, մարդիկ սկսում են ավելի բարեկեցիկ կյանքով ապրել:
Փառատոնի կազմակերպիչները հույս հայտնեցին, որ այն կդառնա ամենամյա:
Նշվեց նաև, որ ամերիկյան «Travel Channel» հեռուստաընկերությունը փառատոնի վերաբերյալ ֆիլմ կնկարահանի: