Հայրենասիրությունը բանաձևելու կարիք չունի. Վեհափառի ծննդյան օրն է
Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան օրն է:
Յոթ միտք՝ Ամենայն Հայոց կաթողիկոսից;
-«Մահ իմացեալ անմահութիւն է» կարգախոսը պիտի փոխվի մեր ժողովրդի համար, այսուհետև պիտի ասենք.«Կյանք իմացյալ անմահություն է»:
-Ի՞նչն է լինելու մեր կյանքի նշանաբանը:
Դժվարությունների առաջ ծնկե՞լ, թե՞ այդ դժվարությունները հերոսաբար հաղթահարել:
Դժվարությունները մերն են, և դժգոհությամբ չենք կարող նրանցից զերծ մնալ ու խուսափել: Դժվարությունները կարող ենք հաղթահարել ոգի և կամք դրսևորելով:
Տեսա, որ մեր կյանքի դժվարությունները մեծապես հետևանք են առ Աստված մեր ունեցած հարաբերության և դեպի Աստված ունեցած մեր կեցվածքի: Կյանքը օր օրի դժվարանում է և ոչ ուրիշի մեղքով. բացառաբար մեր մեղքով: Քանզի մեր ճանապարհը չի առաջնորդում մեզ դեպի Աստված: Փորձենք մեր կյանքը կազմակերպել Աստծուն և աղոթքին ապավինած:
-Մեր հավատքը անցել է հրի և սրի միջով: Մեր հավատքը մշտապես հաղթություն է պարգևել մեզ, որովհետև մենք հավատացել ենք Ավետարանի խոսքի ճշմարտությանը` թե «Որ հաւատասցէ իսպառ, նա կեցցէ»:
-Ժողովուրդը չի սխալվում իր սիրո մեջ, քանզի շռայլ չէ իր գնահատականներում:
-Այո՛, մենք այլևս ապրելով պիտի ապրենք, հաղթելով ապրենք: Հայրենասիրությունը բանաձևելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:
-Ժողովուրդը պետք ունի սպասավորի, սակայն այն սպասավորի, որը գիտե դարման անել նրա կարիքներին, նրա ցավերին, նրա տառապանքներին, ժողովուրդը պետք ունի սպասավորի, որը գիտե առաջնորդ լինել անհուսության և անորոշությունների մեջ` դուրս բերելով լուսավոր ճանապարհներ, հույսի ճանապարհի վրա կանգնեցնելով մեր ժողովրդի զավակաց:
-Որպես Հայրապետ Հայոց, բարձր ենք գնահատում մեր ժողովրդի պատմության մեջ հայ կնոջ արիության ոգին ու նվիրվածությունը հանդեպ ընտանիքն ու ազգը, որ հիմնավոր երաշխիքներից մեկն է հայկազյան մեր զարմի գոյատևման:
-Թանկ գնով ձեռք բերվածի պահպանումը և տանուլ չտալու կարողությունը նույնպես հաղթություն է: