«Ձեր գործերը նորմալ արեք». Վարչապետը` տրանսպորտի և կապի նախարարությանը
Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի Վազաշեն - Պառավաքար հատվածի շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտելու նպատակով կկնքվի նոր պայմանագիր: Ինչպես ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասաց տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, նախկին կապալառուի` «Իջևան ՃՇՇ» ընկերության հետ կնքված պետական գնման պայմանագիրը պատվիրատուի կողմից միակողմանի լուծարվել է` պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետի խախտման պատճառով:
Փոխնախարարի խոսքերով` նախահաշվային արժեքը ավելացել է 55 մլն դրամով, քանի որ աշխատանքների կատարման ընթացքում ի հայտ են եկել 9-րդ կարգի գրունտի պայթեցման լրացուցիչ աշխատանքային ծավալներ, որի վերաբերյալ աշխատանքում կատարվել են համապատասխան փոփոխություններ:
Ի պատասխան Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Դուք պիտի ձեր աշխատանքի ոճը փոխեք, չի կարելի պարտադրել, որ այսքան գումարով ճանապարհ պիտի կառուցենք: Նախագիծ կա դրա համար, կան նախագծողներ, որոնք գնահատում են ու ըստ այդմ պետք է ֆինանսավորենք: Հիմա կառուցապատողին փոխում ենք, մյուսը այդ գումարով կարողանո՞ւմ է ավարտել աշխատանքը»:
Արթուր Առաքելյանը նշեց, որ նախկին կապալառուի հետ պայմանագիրը լուծվում է բացառապես ժամկետների խախտման համար և ֆինանսական խնդիր չկա:
«Բա ինչի՞ եք ավելացնում գումարը, որ խնդիր չկա»,- հետաքրքրվեց վարչապետը:
Փոխնախարարն ասաց, որ ճանապարհի կառուցման պայթեցումների արդյունքում ի հայտ են եկել նախագծային թերություններ, որոնք պայմանավորված են գրունտի տարբեր կատեգորիաներով:
«Հիմա ո՞ւմ ենք համոզելու, որ լրացուցիչ նոր խնդիրներ են առաջացել, կարող են չէ՞ մարդիկ չհավատալ: Նախագծողը պատասխանատվություն չի կրո՞ւմ դրա համար»,- նշեց վարչապետը:
Ա. Առաքելյանը խոստացավ, որ հարցը կքննարկեն, սակայն վարչապետը նրան ընդհատեց. «Ի՞նչ կքննարկեք, ձեր գործերը նորմալ արեք, էդ է պետք քննարկել, ուրիշ հարց քննարկել պետք չէ»: