Ստամբուլում քանդելու են քաղաքի տեսքը փչացնող երկնաքերները
Թուրքիայի գլխավոր վարչական դատարանը հավանության է արժանացրել երկնաքերները ոչնչացնելու որոշումը: Դրանք Ստամբուլի որոշ բնակիչների կարծիքով, փչացնում են քաղաքի պատմական հատվածի տեսարանը: Վարչական դատարանի վճիռը բողոքարկման ենթակա չէ: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Այսպիսով, քաղաքային իշխանությունները պարտավոր են մոտակա ժամանակ սկսել երկնաքերների ոչնչացումը: Թուրքական հասարակությունը դեմ է արտահայտվել 37, 32 և 27 հարկանի շենքերի կառուցմանը Ստամբուլի Զեյթինբուրնու շրջանում, այն բանից հետո, երբ 2011-ին շենքերի նկարները հրապարակվել էին տեղի ԶԼՄ-ներում:
Լուսանկարներում կիսակառույց երկնաքերները երևում էին Սուլեյմանիե մզկիթի մինարեների հետևից: Քաղաքի այս մասում այդքան բարձր շինությունների կառուցումը քննադատել էր նաև վարչապետ Էրդողանը: Չնայած հասարակության ու իշխանությունների դժգոհությանը, երկնաքերները կառուցվել էին: