Սեպտեմբերի 1-ին ընդառաջ գները սկսել են աճել. խնդիրը միշտ եղել է ու կլինի
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ գներն աճում են` հատկապես ծաղիկների շուկայում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը` հավելելով, որ եթե ընտանեկան բյուջեի 60%-ը ծախսվում է սննդի, 30%-ը՝ կենցաղային սպասարկման վրա, ապա մնացած 10%-ով ինչպես կարո՞ղ են նման գնումներ կատարել:
Նրա խոսքերով` միշտ էլ տոներից առաջ գնաճ է լինում, սակայն մարդիկ վճարունակ չեն:
«Այսօր երեխաների համար գրենական պիտույքներ, գրքեր գնելու համար վճարունակության խնդիր կա, դրանք թանկ չեն, սակայն խնդիրը մեր քաղաքացիների սոցիալական դրության մեջ է։ Պետք է այս բարդ խնդիրը լուծի կառավարությունը»,- նշեց Ա. Պողոսյանը:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն էլ անդրադառնալով սեպտեմբերմեկյան թանկացումներին` նկատեց, որ եթե կա պահանջարկ և առաջարկ, ապա, բնականաբար, թանկացումներ կլինեն:
«Բոլոր ծնողները իրենց սպառողական զամբյուղը չեն կարող վերանայել, քանի որ չունեն միջոցներ, իրենց խնայողություններից են օգտվում։ Գրենական պիտույքներ ներմուծողներն էլ օգտվում են առիթից և այս շրջանում ավելի թանկացնում այդ ապրանքները, քանի որ գիտեն` մարդիկ ստիպված պետք է գնեն»,- ասաց տնտեսագետը:
Ըստ նրա` խնդիրը միշտ էլ լինելու է, իսկ այն կարգավորելու համար պետք է միջամտել շուկայական օրենքներին։
Վ.Խաչատրյանի խոսքերով` մեկ երեխային դպրոց ուղարկելու համար միջինում հարկավոր է 100 դոլարին համարժեք դրամ: Ըստ նրա` Եվրոպայում այս ժամանակահատվածում մեծ զեղչեր են լինում, այնտեղ ինֆլյացիայի փոխարեն դեֆլյացիա է սկսում, իրացման համար զեղչեր են սահմանվում, քանի որ մեծ քանակությամբ ապրանք գնելու դեպքում հնարավոր է լավ եկամուտ ապահովել:
«Մեզ մոտ այդ մշակույթը բացակայում է»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին