Հայաստանի մանուկները սիրո և հայրենասիրության պատգամ են հղում ԼՂՀ զինվորներին
Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) նախաձեռնությամբ ՀՀ Արմավիրի մարզը ներկայացնող, 20 անդամից բաղկացած «Իմ թատրոն» ինտերակտիվ թատերախումբը հայրենասիրական ոգևորիչ բեմադրություններով հանդես է եկել ԼՂՀ պաշտպանության բանակի մի շարք զորամասերում: Երիտասարդ դերասան-դերասանուհիները մնջախաղի միջոցով ցուցադրեցին, թե ի՞նչ նշանակալի դեր ունի սիրո պատգամը կյանքում, թե որքա՞ն է այն անհրաժեշտ թե´ ծերերին, թե´ փոքրերին, թե´ հատկապես հայրենիքի այն արի զավակներին, ովքեր, զենքը ձեռքներին, հպարտորեն պաշտպանում են հայրենի հողը, ապահովում խաղաղությունն ու անամպ երկինքը ներկա և ապագա սերունդների համար: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Միմյանց սատար կանգնելու, ոգևորելու, ջերմություն, սեր և փոխըմբռնում հաղորդելու թեման այն հիմնական ուղերձն էր, որն ընկած էր գյուղաբնակ երեխաներից կազմված թատերախմբի ներկայացումների հիմքում:
ԼՂՀ-ում կայացած հյուրախաղերին հաջորդեցին «Իմ թատրոն» թատերախմբի երիտասարդ անդամների հանդիպումները զինվորների և սպայական ղեկավար անձնակազմի հետ՝ նպատակ ունենալով ուսուցողական զրույցների միջոցով վեր հանելու զինվորական ծառայության առաքինի դերն ու դաստիարակչական նշանակությունը երկրի պատանի քաղաքացիների շրջանում:
Նախագիծը կյանքի է կոչվել COAF-ի, ՀՀ Պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի համագործակցության արդյունքում: Այն ևս մեկ անգամ վկայակոչում է համախմբվածության և միասնական ուժի կարևորությունը, մատնանշում, թե ի՞նչ առավել դրական արդյունքների և ձեռքբերումների կարելի է հասնել միասնաբար՝ հավաքական ոգու և հայրենիքի հանդեպ նվիրվածության շնորհիվ: