ՌԱՀՀԿ-ն իր 20-ամյակը կնշի Շուշիում անցկացվելիք խորհրդաժողովով
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր տնօրեն Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտարարել է, որ Կենտրոնի 20-ամյակի կապակցությամբ նախատեսված է միջոցառումների շարք, որոնք կանցկացվեն Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Այս մասին տեղեկացնում է ՌԱՀՀԿ հանրային կապերի ծառայությունը:
Առաջին հոբելյանական ձեռնարկը տեղի կունենա Արցախի Հանրապետության բերդաքաղաք Շուշիում: Սեպտեմբերի 3-ին «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցի նիստերի դահլիճում կկայանա «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդիրը միջազգային հարաբերությունների սաստկացման պայմաններում» թեմայով խորհրդաժողով՝ հայաստանցի և արցախցի քաղաքագետների, վերլուծաբանների ու քաղաքական գործիչների մասնակցությամբ:
Հոկտեմբերին Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը հոբելյանական իր միջոցառումները կշարունակի Երևանում, այնուհետև Սփյուռքի համայնքներում: