Մայրաքաղաքում 245 հենասյուն փոխարինվել է նորերով
Մայրաքաղաքի վարչական շրջաններում անխափան էներգամատակարարման ապահովման նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2014 թվականի ծրագրի շրջանակում շարունակում է նոր հենասյուների տեղադրման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից նախապես կատարված գույքագրման և ըստ այդմ կազմված ցանկի հիման վրա: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հիմնականում փոխարինվում են պիտանելիության ժամկետները սպառած, վնասված կամ վթարային հենասյուները: Ընկերության կողմից տարեսկզբից մինչև օգոստոսի 22-ն ընկած ժամանակահատվածը մայրաքաղաքում նորերով է փոխարինվել 245 հենասյուն: Թվով 71 հենասյուն փոխվել է Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում` «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Հարավ» մասնաճյուղի կողմից:
«ՀԷՑ» ՓԲԸ-ի «Հյուսիս» մասնաճյուղն էլ նմանատիպ աշխատանքներ է իրականացրել Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նորք-Մարաշ, Նոր Նորք վարչական շրջաններում`փոխարինելով 73 հենասյուն: Եվս 101 հենասյուն է տեղադրվել «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Արևմուտք» մասնաճյուղի կողմից` Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում: Մինչև տարեկան ծրագրի ավարտը միայն Կենտրոն վարչական շրջանում նոր հենասյուների թիվը կհասնի 139-ի: