BBC-ի անդրադարձը Մյանմայի վերջին հայերին և հայկական եկեղեցուն. (լուսանկարներ)
Բրիտանական BBC լրատվական գործակալությունը անդրադարձել է Հարավ-Արևելյան Ասիայում Մյանմայի (նախկինում` Բիրմա) մայրաքաղաք Յանգոնում գտնվող հին հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն, ինչպես նաև Մյանմայում գտնվող արդեն սակավաթիվ հայերի կյանքին և պատմությանը:
Հոդվածագիրը նշում է, որ 150-ամյա եկեղեցին ներկայումս գրեթե գտնվում է փակման եզրին, սակայն երկրում վերջին տարիներին նկատվող ներադրումների և զբոսաշրջության աճը հույս է ներշնչում, որ համայնքային կյանքը վերստին կաշխուժանա: Եկեղեցին դիտարկվում է որպես նախկինում Մյանմայում գտնված հայկական ստվար համայնքի գոյության վկայություն: Այն գտնվում է Յանգոնի կենտրոնական փողոցի անկյունում` որպես խաղաղության կղզյակ` աղմկոտ քաղաքում:
«Եկեղեցում գտնվող գրությունների համաձայն` ժամանակին Բրիմայում եղել են մի քանի հարյուր հայկական ընտանիքներ, սակայն վերջին «զտարյուն հայը» մահացել է նախորդ տարի: Ողջ երկրում այսօր բնակվում է 10 կամ 20 ընտանիք, որոնք մասամբ են հայկական և նրանց մի մասն է միայն եկեղեցի հաճախում»,- BBC-ին պատմել է եկեղեցու քահանան:
Եկեղեցու քահանան Ջոն Ֆելիքսն է, ով հայերեն չի խոսում: Հայերեն չի խոսում, բայց փոխարենը հայերեն կարողանում է երգել 30 տարին բոլորած Մյանմայի հայերից Ռաքել Մինուսը, ով իր եկեղեցու կոչնակ հոր հետ ամեն կիրակի այցելում է եկեղեցի:
«Իմ պապը լիարժեք հայր էր և մեր ընտանիքի անունը գալիս է հայկական Մինոսսյան ազգանունից: Մենք կիսով չափ հայ ենք և այս եկեղեցի գալն ու նրան ծառայելը շատ կարևոր է մեզ համար»,- նշել է Ռաքելը:
Մի քանի տասնամյակ եկեղեցի այցելող հայերից է նաև Փերսի Էդվարդը, ում հարսանիքը եկեղեցու քահանայի հավաստմամբ, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցած վերջին արարողությունն է եղել:
BBC-ին ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ 17-րդ դարի սկզբներին մեծաթիվ հայեր, փախչելով Օսմանյան կայսրությունից, հայտնվեցին Իրանի Սպահան քաղաքում, որտեղից էլ հետագայում հասան Ամստերդամ ու Մանիլա: Իսկ արդեն 19-րդ դարի վերջերին ավելի քան 1300 հայ բնակվում էր Կալկաթայում, Դաքքայում և Ռանգունում:
Հոդվածում նշվում է, որ հայերը առանցքային նշանակություն են ունեցել տեղի առևտրական համայնքում, իսկ այն տարածքն էլ, որում հիմա կանգուն է հայկական եկեղեցին, հայերին նվիրաբերվել է Բիրմայի թագավորի կողմից:
«Տարածաշրջանի ամենահեղինակավոր հյուրանոցները հիմնված են հենց հայերի կողմից: Սակայն նախորդ դարի ընթացքում հայերը, անհանգստացած լինելով երկրի քաղաքական և տնտեսական անկայունությունից, սկսեցին իրենց համար նոր տուն փնտրել այլ երկրներում` առավելապես Ավստրալիայում»,- գրում է BBC-ին:
Հրապարակման համաձայն` եկեղեցին գտնվում է Սիդնեյում տեղեկայված թեմի հովանավորության ներքո, իսկ Ջոն Ֆելիքսն էլ խանդավառ և բարեհամբույր հոգևորական է, ով սրտացավ և մտահոգ է նվազող համայնքով, ինչպես նաև եկեղեցու տանիքին առկա երեք անցքերով, որով անձրևի ջրերը հոսում են դեպի շինության ներս:
Եկեղեցում կա նաև մի հուշատախտակ, որում նշված է գաղթի ընթացքում զոհված հայկական ընտանիքի 13 անդամների անունները:
Հոդվածում նշվում է, որ այդուհանդերձ խնամքով կառուցված եկեղեցին Յանգոնի գաղութատիրական դարաշրջանի հարուստ ճարտարապետական ժառանգության կարևորագույն մասնիկն է, որը մեծապես գրավում է զբոսաշրջիկներին և միջազգային հանրությանը ուշադրությունը, ինչպես նաև հնարավորություն ունի դառնալու քրիստոնեության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հոգևոր տուն: