Է. Նալբանդյանի մասնակցությունը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը ՀՀ նախագահի ընտրությունն էր. Շ.Քոչարյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը ՀՀ նախագահի ընտրությունն էր: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքերով` Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ամենայն հավանականությամբ, այդ արարողությանը Հայաստանը կմասնակցի արտգործնախարարի մակարդակով:
«Երբ տեղի է ունենում հարևան երկրի նախագահի երդմնակալության արարողություն, ինչպես նաև` այլ առիթներ, դա ավանդական է, երբ մասնակցություն ենք ունենում այդ երդմնակալությանը: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նախկինում երբևէ չի եղել նման դեպք, քանի որ մինչ այդ Թուրքիայի նախագահն ընտրվում էր խորհրդարանի կողմից: Առաջին անգամ է, որ ընտրությունը կատարվել է ուղղակի ու դրա համար էլ առաջին նախադեպն է, երբ հարևան երկրում տեղի է ունենում այդ արարողությունը»,- ընդգծեց Շ.Քոչարյանը:
Հարցին, թե արդյոք Թուրքիան երբևէ մասնակցել է ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը, փոխնախարարն ասաց, որ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը Թուրքիան մասնակցել է Վրաստանում հավատարմագրված դեսպանի մակարդակով:
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը` Շ. Քոչարյանը նշեց, որ «սահմանի բացման վերաբերյալ լուրեր չկան»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին