Մասնագետ. Երեխաներին տվեք այն միրգը, որը կերել է որդը (Տեսանյութ)
Սննդամթերքի հայաստանյան շուկայում խնդիրները բազմաթիվ են: Իրավական ու փաստաթղթային մակարդակով ամեն ինչ շատ լավ կարգավորված է, սակայն դրանք պետք է կիրառել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության ակադեմիայի փոխնախագահ, ապրանքների և ծառայությունների որակի վերլուծության դեպարտամենտի ղեկավար Միլետա Արեստակեսյանը:
«Հայերը ստեղծագործ խախտողներ են: Պետք է յուրաքանչյուր խախտողը հասկանա, որ վտանգում է երեխայի առողջությունը: Եթե մի փոքր գիտակցություն լինի, ապա խնդրին ավելի լուրջ մոտեցում կլինի»,-ասաց բանախոսը:
Ոլորտի կարգավորմանը նպաստող առաջարկություններ ակադեմիայի փոխնախագահն ունի, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել դպրոցներում վաճառվող սնունդին:
«Բուֆետում հիմա վաճառվում են չիպսեր, գեղեցիկ փաթեթավորված, բայց հավելանյութերով սնունդ, չկա բնականը: Այն թանկ է: Բուֆետապանն ու ծնողն էլ պետք է հասկանան դրանց վտանգավորությունը: Երեխաներին պետք է վաճառել այն, ինչ նրան օգուտ կտա»,-ասաց նա, ավելացնելով, որ իրենք նախատեսում են ուսումնասիրություններ իրականացնել դպրոցների բուֆետներում:
Խոսելով երեխաների սիրելի եգիպտացորենի հատիկների՝ պոպ-քորնի մասին, մասնագետը նկատեց, որ առավել հաճախ հենց սա է ենթարկվում գենետիկորեն մոդիֆիկացիայի, այնինչ Հայաստանը ներկրում է այդ սննդատեսակը:
«Մենք չգիտենք, թե մեր երեխաներին ինչ վտանգի ենք տանում, հայտնի չէ, թե դրա շատ օգտագործումը ինչի կարող է հանգեցնել»,-ասաց մասնագետը:
Նա ծնողներին խորհուրդ է տալիս երեխաներին տալ այն միրգը, որը կերել է որդը. «Որդի լաբորատորիան ավելի խիստ է, եթե որդը կերել է խնձորը, մի խորշեք, տվեք, երեխան ուտի: Եթե մրգի մեջ կա օտարածին մարմին, ապա որդն այն չի ուտում»:
Մանրամասները՝ տեսանյութում: