Ավարտվել է «Արի տուն 2014» ծրագիրը
Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում օգոստոսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի 2014թ. վերջին՝ 8-րդ փուլի փակման արարողությունը:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ 2014թ. «Արի տուն» ծրագիրն ընթացել է 8 փուլով՝ հունիսի 16-ից մինչև օգոստոսի 30-ը, ծրագրին մասնակցել է 13-18 տարեկան 1071 պատանի և աղջիկ՝ աշխարհի 35 երկրից:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշտապես հանդիպելով ծրագրի բոլոր փուլերի մասնակիցներին կարևորէլ է այն հանգամանքը, որ հայրենիքում գտնվելու կարճ ժամանակահատվածում աշխարհի տարբեր երկրներում ապրող և տարբեր լեզվամշակութային արժեքներ կրող հայ պատանիներն ու աղջիկները հաղորդակցվում են հայերենով, նրանց մեջ նկատելի են դառնում ջերմ զգացումներ և ոգևորություն ազգային արժեքների՝ մեր պատմության, մշակույթի, երգուպարի հանդեպ:
2014թ. ծրագրի 2-րդ փուլի մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ կարևորելով ծրագիրի դերը հայապահպանութեան գործում և վստահեցնելով, որ առաջիկայում ծրագիրն առավել կընդլայնվի և կկատարելագործվի: 2-րդ փուլը Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան յուրահատուկ խորհուրդ է ունեցել. այս տարի առաջին անգամ ծրագրին մասնակցել են Արցախից 80 և երիտասարդական մայրաքաղաք հռչակված Սիսիանից 16 պատանի և աղջիկ:
Արիտունցիները հյուրընկալել են նաև ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին և պաշտոնատար այլ անձանց: Ծրագրի մասնակիցները հյուրերին ներկայացրել են ճամբարային օրերի ընթացքում պատրաստած համերգային ծրագիրը:
«Արի տուն» ծրագրի մասնակիցները, ինչպես նաև հյուրընկալող ընտանիքների երեխաներն առաջին 9 օրերի ընթացքում ծանոթացել են Հայաստանի պատմական և արդի տեսարժան վայրերին, ունեցան բազմաբնույթ հանդիպումներ հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր ստացան Հայրենիքում, սովորեցին ազգային պարեր և երգեր: Երեւանի Ստ. Շահումյանի թիվ 1 դպրոցում արիտունցիների համար իրականացվեց Մայրենիի ուսուցման 5-օրյա դասընթաց:
8-րդ փուլով Հայրենիք ժամանած աշխարհի 10 երկրից 45 մասնակիցներին և հյուրընկալող ընտանիքների երեխաներին ողջունել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը և հանդես է եկել ազգային երգերի կատարմամբ: