Բժիշկը 9 տարվա ընթացքում աշխատել է ընդամենը 15 օր, բայց կանոնավոր ստացել աշխատավարձ
Իտալիայում բժիշկն ինը տարվա ծառայության ընթացքում աշխատանքի վայրում է եղել ընդամենը 15 օր: Այս մասին գրում է The Telegraph-ը: Բժիշը խուսափել է աշխատելուց՝ առանց որևէ օրենք խախտելու. այդ ամբողջ ընթացքում նա հաճախել է դասընթացների, կամ եղել է արձակուրդում կամ հիվանդության պատճառով է արձակուրդ վերցրել: Չնայած դրան, նա իր աշխատավարձը ստացել է ամբողջությամբ:
Սիցիլիացի բժիշկն աշխատանքի է անցել 2005 թ. Կատանիայի հիվանդանոցներից մեկում: Հենց աշխատանքի ընդունվելու օրվանից նա սկսել է հաճախել դասընթացների: Վերադառնալուց հետո՝ 2008 թ. հոկտեմբերի 31-ին, բժիշկը խնդրել է վճարովի արձակուրդ՝ ընտանեկան խնդիրների պատճառով, որը շարունակվել է մինչև 2009 թ. մայիս: Վերադառնալով աշխատանքի՝ նա հիվանդանոցում անցկացրել է ընդամենը 15 օր, այնուհետև վերցրել է արձակուրդ մինչև 2009 թ. հուլիսը՝ հիվանդության պատճառով: Առողջանալուց հետո բժիշկը կրկին սկսել է այցելել կրթական դասընթացի, որը շարունակվել է մինչև այս տարվա հունիս: Այժմ նա պատրաստվում է դոկտորական աստիճան ստանալուն՝ 2016 թ. դեկտեմբերին:
Այն հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որտեղ աշխատում է սիցիլիացին, նշել է, որ բազմիցս փորձել է նրան վերադարձնել աշխատավայր, բայց չի կարողացել, քանի որ բոլոր բացակայություններն օրենքի սահմաններում են: Սիցիլիացին էլ իր հերթին հայտարարել է, որ իրեն անարդարացի մեղադրում են աշխատանքի չներկայանալու համար: Նրա խոսքով, երբ վերադառնա, իր ստացած գիտելիքներով միայն օգուտ կբերի հիվանդանոցին:
Չնայած բժշկի հայտարարություններին, այս իրավիճակը Իտալիայում դիտվում է որպես անարդյունավետության օրինակ: Նման օրինակները շատ են այդ երկրում: Տվյալ դեպքով երկրի ղեկավարությունը նախաձեռնել է հետաքննություն: