Նուռնուսում գարշահոտությունը դեռ շարունակվում է. բնակիչների բողոքն` «Առողջ սունկ» ընկերության դեմ
Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի Այգեգործական թաղամասի բնակիչները արդեն 9 ամիս է ապրում են գարշահոտության մեջ: Պատճառը, ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին բնակիչները, Նուռնուսի և Բյուրեղավանի հարևանությամբ գործող «Առողջ սունկ» ՍՊԸ-ի արտադրամասն է:
«Այդ «Առողջ սունկը» Նուռնուսի ու Բյուրեղավանի բնակիչների համար դարձել է իսկական պատուհաս, քանի որ թռչնաղբի հիմքի վրա արտադրում է սնկի աճեցման մեջ օգտագործվող կոմպոստ պարարտանյութը»,- ասաց Նուռնուսի բնակիչ Լաուրա Վարդազարյանը` հավելելով, որ արտադրամասը մոտիկ է գործում բնակելի տներին, ինչի հետևանքով մշտապես առկա է գարշահոտություն, օդ են արտանետվում առողջության համար վտանգավոր նյութեր, որոնք առաջացնում են շնչահեղձություն, թոքային խնդիրներ, սրտխառնոց և այլն:
Բնակիչների խոսքերով` գործարանը պետք է կառուցվեր բնակելի վայրերից 1 կմ հեռավորության վրա, դա նշանակում է, որ այստեղ խախտվել են նաև քաղաքաշինության նորմերը: Բացի այդ, այն գտնվում է մի վայրում, որտեղ քամին միշտ նույն ուղղությամբ է փչում:
Նրանք համաճարակաբաններին կոչ արեցին գնալ և ստուգել, թե արդյոք այդ գործարանում պահպանվո՞ւմ են նորմերը:
Ի դեպ, բնակիչները նաև նշեցին, որ գործարանի հասցրած էկոլոգիական վնասն արդեն նկատելի է. թռչունները կամաց-կամաց վերանում են այդ տարածքից:
«Փաստորեն` ինչ-որ մեկի շահի համար վերանում է մի հրաշք օազիս»,- ասացին նրանք:
Բնակիչներից Գագիկ Հովակիմյանն էլ հայտնեց, որ իրենք հանդիպել են «Առողջ սունկ» ընկերության տնօրինության հետ: Ասել են, թե պիտի խողովակ անցկացնեն, ինչից հետո գարշահոտությունն էլ չի խանգարի:
«Դիմել ենք նաև մարզպետարան, որտեղից ևս հաստատեցին, որ գարշահոտություն կա, և տնօրինության հետ պայմանավորվածություն կա, որ հոտը կվերանա, բայց մինչ օրս ոչ մի փոփոխություն չկա»,- նշեց Գ.Հովակիմյանը:
Նշենք, որ երկու օր առաջ նուռնուսցիները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց: Կառավարությունից խոստացել են 15 օրվա ընթացքում ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի հարցի ուսումնասիրմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները