Հոգեբան. Կիսահանգստացած մարդիկ հաճախ են աշխատանքի վերադառնալուց հետո խնդիրներ ունենում
«Մենք պետք է նոր-նոր վերականգնենք հանգստի կուլտուրան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ նրա, հանգիստն անհրաժեշտություն է, քանի որ հանգստից հետո մարդ ավելի լավ է սկսում աշխատել, նկատում է այնպիսի բաներ, որոնք մինչ հանգիստը չէր նկատում:
«Մարդ չի կարող անընդատ աշխատել: Եթե մարդ աշխատում է 18 ժամ, ավելի քիչ արդյունք է տալիս, քան այն մարդն, ով աշխատում է 8 ժամ»,- նշեց սոցիոլոգը:
Ասուլիսին ներկա հոգեբան Սամվել Խուդոյանն էլ ներկայացրեց հանգիստից հետո առաջացող հոգեբանական խնդիրները: Ըստ նրա, երկար ժամանակ ռեժիմի փոփոխությունից հետո մարդ կրկին ստիպված է լինում հարմարվել աշխատանքային ռեժիմին: Հոգեբանը խորհուրդ տվեց հանգստից մի քանի օր շուտ վերադառնալ ու սկսել նախապատրասվել աշխատանքային ռեժիմին:
«Լավ նշան է, եթե մարդ հանգստից հագենում է և արդեն ուզում է աշխատանքի գնալ: Հանգստի լավագույն ժամկետը 24 օրն է: Կիսահանգստացած մարդիկ հաճախ են աշխատանքի վերադառնալուց հետո խնդիրներ ունենում»,- ասաց հոգեբանը՝ միաժամանակ հավելելով, որ այս ոլորտում լուրջ խնդիր չկա, մեծ մասը հաջողությամբ ի վերջո հարմարվում են:
Ս. Խուդոյանը նշեց, որ ճիշտ հանգստի երկու սկզբունք կա՝ մեկնել այնտեղ, որտեղ սիրտդ ուզում է և կապված աշխատանքի բնույթից, հանգստի դրա հակառակ տեսակն ընտրել, այսինքն եթե աշխատանքն ակտիվ բնույթ է կրում, ընտրել պասիվ հանգիստ ու հակառակը: