Այլընտրանք՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար. ցերեկային հոգածության կենտրոններ
Գիտելիքի օրվա կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 1-ին այցելել է համակարգի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն: Այցի նպատակն էր՝ ծանոթանալ հաստատության գործունեությանը, երեխաների խնամքի, կրթության, կենցաղի կազմակերպման աշխատանքներին, մատուցվող ծառայությունների որակին, շենքային պայմաններին: Այս մասին հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:
«Նմանատիպ կենտրոնները ստեղծվել են որպես այլընտրանք՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար: Ես շատ եմ կարևորում երեխայի խնամքի կազմակերպումը ընտանիքում, սակայն պակաս կարևոր չէ նման հաստատություների դերը մեր հասարակությունում: Ցերեկային հոգածության կենտրոններն օգնում են ընտանիքներին, երեխաներին, աջակցում նրանց, որպեսզի երեխա-ընտանիք կապը չկտրվի և երեխան չհայտնվի շուրջօրյա խնամքի հաստատություներում: Մեր քաղաքականությունն է նմանատիպ կառույցների ցանցի զարգացումն ու տարածումը»,- իր խոսքում նշեց պարոն Ասատրյանը:
Կենտրոնը գործում է 2005թ., բազմագործառույթ ծառայություններ է մատուցում /սոցիալհոգեբանական, իրավաբանական, բժշկական, մանկավարժական խորհրդատվություն և այլն/ 6-18 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված` առանց ծնողական խնամքի մնացած, ծնողների խնամքից զրկվելու վտանգի տակ գտնվող, աճի և զարգացման համար անբարենպաստ և վտանգավոր կենսապայմաններում գտնվող շուրջ 100 երեխայի: Պետական և հասարակական կառույցների համագործակցության արդյունքում լուծվում են նրանց խնդիրները, կանխարգելվում է մուտքը մանկատներ և գիշերօթիկ խնամքի հաստատություններ: Կենտրոն հաճախող երեխաներին տրամադրվում է մեկանգամյա սնունդ, տրանսպորտից օգտվող երեխաներին` տրանսպորտային ծախսերի դրամական փոխհատուցում, գրենական պիտույքներ և հագուստ: Նշված ծառայությունները մատուցվում են ցերեկային ժամերին հաստատությունում և ընտանիքում` մինչև երեխայի սոցիալհոգեբանական վերականգնումը:
Շրջայցի ավարտին Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության համակարգում նախընթաց ժամանակահատվածում կատարված աշխատանքներն ու ծրագրերը, ինչպես նաև ապագա անելիքները:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում