Զբաղվածության գործակալություն. Գործազուրկների թիվն ավելացել է
Օգոստոսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 66.3 հազար, որից 47.8 հազարը կանայք են, 15.6 հազարը` երիտասարդ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 3.3%-ով (68.5 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ աճել է 1.7%-ով (65.2 հազ. մարդ):
Այս տվյալները Panorama.am-ին տրամադրեցին Զբաղվածության պետական գործակալությունից:
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 95.8 %-ը կամ 63.5 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 9.7%-ով (57.9 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ աճել է 13.4%-ով /56.0հազ. մարդ/:
Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 72.4%-ը կամ 46.0 հազ. մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 23.3%-ը կամ 14.8 հազ. մարդ: Գործազուրկների թվաքանուկում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 36.3% (23.1 հազ. մարդ), նրանցից բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողները կազմում են 11.8%, միջին մասնագիտական կրթություն ունեցողները՝ 16.7%, նախնական մասնագիտական կրթություն ունեցողները 4.4%, միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցողները 56.4% և հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական, ոչ լրիվ տարրական կրթություն ունեցողները՝ 10.7 %:
Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 14.5%, միջին մասնագիտական կրթություն ունեցողներինը` 21.0%, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողներինըը` 6.9%, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողներինը` 49.3%, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողներինը` 8.3 %:
Ըստ տարիքային ցենզի գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 23.3%, 30-44 տարեկանները` 38.9%, 45-54 տարեկանները` 21.6%, 55-ից բարձր տարիքի անձինք` 16.2 %:
Ըստ տրամադրած տվյալների, 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 1889 գործազուրկ:
2014թ. օգոստոսիի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել 5999 աշխատանք փնտրող, որից 3632-ը` կին, 3394-ը` աշխատաշուկայում անմրցունակ անձ:
Հուլիս ամսվա ընթացքում գործակալություն է ներկայացվել 2246 թափուր աշխատատեղ: Թափուր աշխատատեղերից 1091-ը բանվորական է, իսկ 1155-ը` ծառայողական: Թափուր աշխատատեղերից 1400-ը կրկնվող են /կրկնվում են որակյալ աշխատուժի բացակայության և ցածր աշխատավարձի պատճառով/:
Աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում բժիշկների (մարզերում), բուժքույրերի, տնտեսագետների, ճարտարագետների, հաշվապահների, դասավանդողների, դաստիարակների, մենեջերների, գործակալների, դիզայներների, վաճառողների, մատուցողների, խոհարարների, հացթուխների, վարսահարդարների, սարքավորումների և համակարգչային օպերատորների, ավտովերանորոգողների, էլեկտրիկների, որմնադիրների, կարողների, վարորդների, կոշկագործների, կռունկավարների, փականագործների, խառատների, ատաղձագործների, եռակցողների և բանվորական այլ մասնագիտությունները:
Աշխատաշուկայի լարվածությունը մեղմելու նպատակով իրականացվում են զբաղվածության կարգավորմանն ուղղված պետական ծրագրեր: