Ստեփանավանը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաք
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր անցկացվել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի ամփոփիչ բաց նիստը, որը վարում էր նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթն անցկացվում է 2013 թվականից և այս տարի մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել Եղեգնաձոր, Ստեփանավան, Չարենցավան, Ծաղկաձոր, Քաջարան և Կապան քաղաքները: Փորձագիտական ուսումնասիրությունների հետ մեկտեղ կազմակերպվել է առցանց քվեարկություն:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ փորձագիտական գնահատականների և առցանց քվեարկության արդյունքների համադրմամբ մրցույթի հաղթող է ճանաչվել և Հայաստանի Հանրապետության 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակվել Ստեփանավան քաղաքը:
2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Չարենցավան և Քաջարան քաղաքները, որոնք ևս 2015 թվականի ընթացքում նախարարության աջակցությամբ իրականացնելու են որոշակի ծրագրեր՝ ուղղված քաղաքի երիտասարդական հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:
Նիստին մասնակցում էլ են «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի անդամները, «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի մասնակից քաղաքների ներկայացուցիչները և այլ հյուրեր: