Ցուցադրական կայանելու ենք կարմիր գծերի վրա և չվճարենք. «Դուրս մեր գրպանից»-ը վաղվա ակցիայի մասին
«Փորձեցինք նաև Երևանից դուրս մարդկաց իրազեկել: Չնայած, որ կարմիր գծեր դեռ մարզերում չկան, բայց խոսակցություններ կան, որ մոտ ժամանակներս դրանք նաև մարզերում են լինելու»,-այսօր լրագրորղների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արմեն Միքայելյանն՝ անդրադառնալով կիրակի օրը մարզերում իրենց անցկացրած ակցիային:
«Մոտ 25 մեքենայով այցելեցինք Կոտայքի և Գեղարքունիքի մարզ, մարդկանց բաժանեցինք տեղեկատվական թռուցիկներ: Քչերն էին տեղեկացված, բայց համատարած ողջունում էին ակցիան և ոչ մի բացասական արձագանք չստացանք: Նաև մարդիկ շատ հարցեր էին տալիս և հետաքրքրվում»,-նշեց Միքայելյանը:
Անդրադառնալով վաղը Երևանում կայանալիք ակցիային, նա տեղեկացրեց, որ պետք է գնան և ցուցադրական կայանեն կարմիր գծերի վրա. «Մնալու ենք կարմիր գծերի վրա կանգնած 15 րոպեից ավելի և չվճարենք: Սպասելու ենք, որ համապատասխան տուգանքներ գան և դատարանում բողոքենք ու ապացուցենք, որ կարմիր գծերը գործում են անօրինական դաշտում»:
Նա նշեց, որ այս ակցիաների միջոցով տեղեկացնում և տեր են կանգնում իրենց իրավունքներին:
Նախաձեռնության անդամներից Արթուր Կրոյանն էլ նշեց, որ իրենց նախաձեռնության կորիզը կազմված է մոտ 30-50 հոգուց, ընթացքում մասնակիցներ միանում ու պակասում են: