Սկսվում է Հայաստանի պատմության մեջ երկրորդ` պաշտպանական ուժի վերանայումը. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ սկսում են Հայաստանի պատմության մեջ երկրորդ` պաշտպանական ուժի վերանայումը, այսինքն` անվտանգության միջավայրի գնահատումն ու սպառնալիքների բացահայտումը:
Դա, ըստ նախարարի, թույլ կտա կազմել ԶՈՒ-ի զարգացման հեռանկարային պլանները, որոնք կներառեն 2016-2020 թթ-ի գործունեություն ամբողջ ընթացքը:
«Մենք այսօր ուշադրություն ենք դարձնում ղեկավարում-առաջադրանքի միջոցով սկզբունքի ձևավորմանը, ինչը նորություն է: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր օղակի հրամանատարական կազմ լիակատար ազատություն և հնարավորություն կունենա իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար»,- ասաց նախարարը` հավելելով, որ վերջին տարիներին մարտական հերթապահության մեջ առաջին գծում մեր կրտսեր հրամանատարները կարողանում են իրենց առջև դրված խնդիրները լիարժեք իրականացնել:
Ս.Օհանյանը նշեց, որ լուրջ ուշադրություն են դարձնում սահմանների պաշտպանությանը: Ե'վ Արցախում, և' Հայաստանում մարտական հերթապահության համար ստեղծել են համապատասխան պաշտպանական միջավայր, որը հնարավորություն է տալիս դիտարկման, հայտնաբերման և խելացի խոցման արդյունքում պաշտպանել սահմանները: Ավելին` հակառակորդի դիվերսիոն հետախուզական գործողություների դեմ պայքարի համակարգեր են ստեղծել:
«Դրանք ինժեներական այնպիսի սարքավորումներ են, որոնք թույլ չեն տալիս հակառակորդի հետևակին անմիջապես մոտենալ մեր դիքերին և սադրանքներ գործել: Բոլոր այն դիվերսիոն հետախուզական գործողությունները, որոնք իրականացվում են հակառակորդի կողմից, հասել են մինչև այդ ինժեներական սարքավորումները և կանգ են առել, չեն կարողացել առաջ գնալ»,- նշեց Ս.Օհանյանը:
Նախարարը հարց հնչեցրեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ մարդիկ սահմանը հատում են և պատասխանելով իր իսկ հարցին` ասաց, որ աշխարհագրական պայմանները, լեռնային պայմանները թույլ չեն տալիս ամբողջությամբ յուրաքանչյուր մետրը փակել:
«Որոշ տեղերում կան բաց տարածքներ, թեև այդ տեղերում կան համապատասխան նշաններ` առաջին գիծ, ականապատված տարածքներ և այլն, բայց սահմանային բնակավայրերի բնակիչները դրանց ուշադրություն չեն դարձնում: Փորձը ցույց է տալիս, որ սահմանը հատած մարդկանց մեծ մասը հոգեկան կամ այլ շեղումներ ունեցող մարդիկ են և ուշադրություն չեն դարձնում այդ նշաններին»,- ասաց Ս.Օհանյանը:
Պաշտպանության նախարարը նաև նշեց, որ ԶՈՒ-ի համար 2014 թ-ը եղել է առանձնահատուկ տարի, քանի որ հակառակորդի կողմից սադրանքները եղել են շարունակական: 2013թ-ին էլ, ըստ նրա, հակառակորդի կողմից դիվերսիոն գործողություններ են եղել, ինչը շարունակվել է այս տարի: Առաջին դիվերսիոն գործողությունը գրանցվել է հունվարի 19-ին, այնուհետև մարտին, մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, ինչպես նաև հուլիս-օգոստոս ամիսներին:
«Հուլիս-օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ հակառակորդը չի կարողանում հանգիստ նստել, քանի որ որդեգրել է այնպիսի մի քաղաքականություն, որ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին զուգահեռ պետք է լարվածություն ստեղծի, պետք է փորձի դրանով ազդել բանակցային գործընթացի վրա, փորձի ուժի դիրքից խոսել ՀՀ ղեկավարության հետ, բայց դա հակառակորդին չի հաջողվում` ինչպես անցած տարիների ընթացքում, այնպես էլ այս տարի: Նրանք ստացել են արժանի հակահարված հայ դիրքապահների կողմից»,- ընդգծեց Ս.Օհանյանը:
Նրա խոսքերով` Հայաստանն ու Արցախն ունեն 26 սահմանային բնակավայրեր, իսկ Ադրբեջանը` 30 բնակավայր: Հակառակորդը փորձում է ոչ միայն Արցախի տարածքում, այլև ՀՀ-ի սահմանամերձ բնակավայրերի վրա կրակել, դիվերսիոն գործողություններ կատարել, բայց նրանք միշտ էլ, ըստ նախարարի, արժանի հակահարված ստացել են:
«Այս ամբողջ ընթացքում ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ այլևս Հայաստանի և Արցախի հետ պարտադրելու պայմանով խոսելն անհնար է»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ երկրորդ անգամ, պարտադրված վիճակում մենք չենք ուզում հայտնվել:
«Մենք առաջին անգամ պարտադրված մտանք պատերազմի մեջ, պաշտպանեցինք և մեր ինքնությունը, հաղթանակներ կրեցինք և ստեղծեցինք համապատասխան պայմաններ Արցախի զարգացման համար: Արցախը որպես ժողովրդավարական երկիր ոչնչով չի զիջում տարածաշրջանի ոչ մի երկրի, ավելին` եթե համեմատենք հակառակորդի հետ, այն ավելի ժողովրդավարական, ավելի համախմբված մթնոլորտում է իր գործողություններն իրականացնում: ԼՂ հիմնախնդրի լուծման միակ ճանապարհը խաղաղ պայմաններն են, քաղաքական քայլերն են և փոխհամաձայնեցված մոտեցումները: Արցախի ինքնորոշմանն այլընտրանք չկա: Այն հաղթանակները, որոնք մենք տարել ենք Արցախյան գոյամարտի ժամանակ, անկասկած այսօր դրանք բազմապատկվում են»,- ասաց Ս.Օհանյանը:
Նրա խոսքերով` հուլիսին և օգոստոս ամիսներին բոլորն էլ ականատես եղան, թե ինչպես 18-20 տարեկան ժամկետային զինծառայողները հմուտ հրամանատարների ղեկավարությամբ և անհրաժեշտության դեպքում երկրապահների, փորձառու վետերանների աջակցությամբ կարողացան վնասազերծել և հետ շպրտել հակառակորդի բոլոր դիվերսիոն հետախուզական գործողությունները:
«Ցավոք սրտի, այդ օրերին ունեցանք 6 զոհ, իսկ հակառակորդը 9 անգամ ավելի շատ կորուստներ տվեց, թեև ինձ համար` որպես պաշտպանության գերատեսչության ղեկավարի, ցավալի են և մեր, և հակառակորդի կորուստները: Մեր զոհված զինծառայողները հերոսություն, քաջագործություն են կատարել, դա էր պատճառը, որ այդ օրերին մենք դա փորձեցինք ներկայացնել ոչ թե ողբերգություն, այլ հերոսություն: Նրանց հերոսության շնորհիվ է, որ մենք փրկեցինք հայ ժողովրդի պատիվը, արժանապատվությունը, և բանակի ոգին բարձրացավ: Այդ ամենը նաև համախմբեց ժողովրդին»,- ասաց նախարարը: