ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ. Զավեշտալի է, որ շատերը քննադատում են ՀԿ-ներին որպես գրանտակերների
«Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 2013 թվականին կայունության ինդեքսը գնահատվել է 3,9, դժբախտաբար նախորդ տարվա արդյունքը մնացել է նույնը»,- 2013 թ. Հայաստանի ՔՀԿ կայունության ցուցանիշը զեկույցի ներկայացման ժամանակ ասաց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրեն Քարեն Հիլլիարդը:
ՔՀԿ կայության ինդեքսը քաղաքացիական հասարակության առաջընթացի մակարդակը չափող ցուցանիշ է, գնահատվում է յոթ նշանոց սանդղակով. 1-3-ը վկայում է, որ կայունությունը զարգացած է, 3-5-ը՝ կայունությունը զարգացման փուլում է, 5-7-ը՝ կայունությունը վտանգված է:
Ք. Հիլլիարդը նշեց, որ ՀՀ քաղաքացիական հասարակությունը հիմնականում զարգացած է, ամենամեծ խոչընդոտը ֆինանսական կայանության պակասն է: Հայաստանում ֆինանսական կայունության ցուցանիշը գնահատվել է 5,2:
«Զավեշտալի է, որ շատերը քննադատում են քաղաքացիական հասարակությունների կազմակերպություններին որպես գրանտակերների: Նրանք հաշվի չեն առնում, որ ներկա օրենքը խանգարում է այս կազմակերպություններին ձեռք բերել սեփական ֆոնդեր»,- ասաց նա՝ միաժամանակ հույս հայտելով, որ Հայաստանի կառավարությունն այս տարի նոր օրենք կընդունի՝ ապահովելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունությունը:
ՔԶՀՀ փորձագետ Տաթևիկ Մարգարյանի ներկայացմամբ, 2013-ին բարելավվել է ՔՀԿ-ների շահերի պաշտպանության գործունեությունը՝ հասնելով 3,3-ի, իսկ իրավական միջավայրի և ծառայությունների մատուցման ցուցանիշը կազմում է 3,9:
ՔՀԿ-ները շարունակել էին բարելավել իրենց ինստիտուցիոնալ կարողությունները՝ հասնելով 3,8-ի, ենթակառուցվածքը՝ 3,4, հանրային ընկալումը՝ 4,0:
ՀՀ արդարադատության նախարարության տվյալներով, Հայաստանում 2013 թ. հոկտեմբերի դրությամբ գրանցված էին 3783 հասարակական կազմակերպություններ: Փորձագետների գնահատականների համաձայն, գրանցված կազմակերպությունների միայն 15-20 տոկոսն է ակտիվ գործում:
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ՔՀԿ կայունության ինդեքսը տասնյոթ տարիների ընթացքում հետևել է 29 երկրներում քաղաքացիական հասարակության իրավիճակին և զարգացման միտումներին: Այն ուսումնասիրում է քաղաքացիական հասարակության գործունեության միջավայրը՝ կենտրոնանալով իրավական միջավայրի, կազմակերպական կարողությունների, ֆինանսական կայունության, շահերի պաշտպանության, ծառայությունների մատուցման, ենթակառուցվածքի և հանրային ընկալման վրա: Զեկույցը ներառում է քաղաքացիական հասարակության սեկտորի զարգացման նկարագրությունն ու գնահատականները առանձին երկրներում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում: