Անահիտ Բախշյան. Հիշեցնենք Քաղաքապետին, որ նա երդվել է գործել ի բարօրություն նրա բնակիչների
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում նա անդրադառձել է Զեյթուն համայնքի Ռուբինյան փողոցի հ.13/5 հասցեի բնակիչների այն դիմումին, որտեղ բողոքում են երեխաների խաղալու բակ չունենալու հանգամանքով:
«Ինձ են դիմել Երևանի Քանաքեռ - Զեյթուն համայնքի Ռուբինյան փողոցի հ.13/5 հասցեի բնակիչներն այն մասին, որ երեխաները խաղալու բակ չունեն, սակայն այն փոքրիկ հատվածը, որտեղ խաղում են երեխաները, արդեն սեփականատեր ունի, ով սկսել է շինարարությունը:
Բնակիչները, վերոնշյալ տարածքում նկատելով չափագրող մարդկանց, դեռևս սույն թվականի հուլիսի 14-ին զանգահարել են Թեժ գիծ, որին ի պատասխան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ պարոն Հանիսյանի ստորագրությամբ ստացել են շատ տարօրինակ ձևակերպումով նամակ այն մասին, որ նշված հասցեում շինարարական աշխատանք չեն հայտնաբերել:
Խնդրում եմ դիտել այս տեսանյութը, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են Երևանի Քանաքեռ - Զեյթուն համայնքի Ռուբինյան փողոցի հ.13/5 հասցեի բնակիչները վիճում շինարարություն սկսող մարդկանց հետ և ընդվզում են սույն թվականի սեպտեմբերի 1-ին շինարարական թույլտվություն ստացած անձանց հետ:
Խնդրում եմ անձամբ նայել և տեսնել, թե վերոնշյալ տարածքում ինչպե՞ս կարող էր տրվել շինթույլտվություն, ո՞ւմ հաշվին են գումար աշխատում այս շինթույլտվություն տվող պաշտոնյաները, որոնց ներկայացրած փաստաթղթի տակ դրված է Ձեր ստորագրությունը:
Երևանում բակային տարածքներ ավելացնելու Ձեր խոստումներն ու Ռուբինյան փողոցի հ.13/5 հասցեի այս շինթույլտվությունը հակասում են միմյանց»: