Հայաստանը՝ քաղցած մարդկանց ընդհանուր թիվը նվազեցնելու գործում 10 ամենահաջողակ երկրների թվում
Ըստ այսօր հրապարակված ՄԱԿ-ի զեկույցի՝ աշխարհում մոտ 850 միլիոն մարդ կամ իննից մեկը քաղցած է: Զեկույցի համաձայն՝ հաստատվել է այն միտումը, որ անցած տասնամյակի ընթացքում աշխարհով մեկ քաղցած մարդկանց թիվը նվազել է ավելի քան 100 միլիոնով, իսկ 1990-92թթ. ի վեր՝ ավելի քան 200 միլիոնով: Այս մասին տեղեկացնում է Պարենի համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը:
Ըստ զեկույցի՝ այն տասը երկրները, որոնք իրենց բնակչության թվին համամասնաբար մեծ հաջողությամբ նվազեցրել են քաղցած մարդկանց ընդհանուր թիվը, հետևյալն են՝ Հայաստան, Ադրբեջան, Բրազիլիա, Կուբա, Վրաստան, Գանա, Քուվեյթ, Սենթ Վինսենթ և Գրենադիններ, Թաիլանդ և Վենեսուելա:
«Աշխարհում պարենի վտանգավորության վիճակը» զեկույցը հրապարակվում է ամեն տարի՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի /ԳԶՄՀ/ և Պարենի համաշխարհային ծրագրի /ՊՀԾ/ կողմից:
Զարգացող երկրներում քաղցի նվազեցման համընդհանուր միտումը նշանակում է, որ մինչև 2015թ. թերսնված մարդկանց համամասնությունը կիսով չափ պակասեցնելու՝ Հազարամյակի զարգացման նպատակին հասնելը մոտ է, «եթե ձեռնարկվեն պատշաճ ու անհապաղ ջանքեր», ասվում է զեկույցում: Մինչ օրս 63 զարգացող երկիր հասել է Հազարամյակի զարգացման նպատակին, ևս վեցը դրան կհասնի մինչև 2015 թվականը:
«Սա այն բանի ապացույցն է, որ մենք կարող ենք հաղթել քաղցի դեմ պատերազմում և պետք է ոգեշնչենք երկրներին՝ հարկ եղած դեպքում առաջ գնալ միջազգային հանրության աջակցությամբ»,-զեկույցի առաջաբանում գրել են ՊԳԿ-ի, ԳԶՄՀ-ի և ՊՀԾ-ի ղեկավարներ Ժոզե Գրացիանո դա Սիլվան, Կանայո Ֆ. Նվանզեն և Էրթարին Քազընը:
Զեկույցում նշվում է, որ սննդամթերքի հասանելիությունն արագորեն ու զգալի կերպով բարելավվել է այն երկրներում որոնք գրանցել են համընդհանուր տնտեսական առաջընթաց, մասնավորապես՝ Արևելյան և Հարավարևելյան Ասիայում: Սննդամթերքի հասանելիությունը բարելավվել է նաև Հարավային Ասիայում և Լատինական Ամերիկայում, սակայն հիմնականում այն երկրներում, որոնք ունեն համապատասխան անվտանգության ցանցեր ու սոցիալական պաշտպանվածության այլ ձևեր, այդ թվում՝ գյուղական վայրերի աղքատ բնակչության համար:
«Աշխարհում պարենի վտանգավորության վիճակը» զեկույցի 2014թ. հրատարակության արդյունքներն ու առաջարկությունները կքննարկվեն կառավարությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից Հռոմում, ՊԳԿ-ի կենտրոնակայանում Պարենի համաշխարհային անվտանգության հանձնաժողովի՝ հոկտեմբերի 13-18-ը տեղի ունենալիք նիստում:
Զեկույցը կլինի նաև նոյեմբերի 19-21-ը Հռոմում Սնուցման հարցերի երկրորդ միջազգային համաժողովի ուշադրության կենտրոնում: Այդ համաժողովը կազմակերպված է ՊԳԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ուժերով: Սույն բարձր մակարդակի միջկառավարական նիստի նպատակը նորացված քաղաքական հանձնառությունն է, որպեսզի գլոբալ մակարդակով պայքար մղվի թերսնման դեմ՝ իբրև ընդհանուր նպատակ ունենալով սննդակարգերի բարելավումը և սնուցման մակարդակի բարձրացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը