Բացահայտվել են լուսնի վրա միջուկային փորձարկումներ իրականացնելու ամերիկյան գաղտնի ծրագրերը. Newsweek
Միացյալ Նահանգերի և Խորհրդային միության միջև սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ն մտադրություն է ունեցել միջուկային փորձարկում իրականացնել լուսնի վրա: Ամերիկյան Newsweek պարբերականի հաղորդմամբ, այս մասին են վկայում ԱՄՆ կառավարության կողմից վերջերս գաղտնազերծված փաստաթղթերում առկա տվյալները:
Հրապարակված փաստաթղթերի համաձայն, «տիեզերական մրցավազք» կոչվող գաղտնի նյութերի փաթեթը ներառել է հավանական օպերացիաների ցանկ, որը միտված է եղել Խորհրդային Միության դեմ ընթացող մրցակցության պայմաններում հաջողություններ արձանագրելուն:
Նշվում է, թե հավանական գործողությունները մշակվել են ամերիկացի զինվորականների կողմից, ովքեր տարաբնույթ սխեմաներ են քննարկել Խորհրդային միությանը ճնշելու, այդ թվում լուսնի մակերևույթը օգտագործելու միջոցով: Մասնավորապես, «Project Horizon» ծրագրի շրջանակներում դիտարկվել է լուսնի վրա ռազմական բազա տեղակայելու հարցը, որը պաշտպանելու էր ամերիկյան շահերն ու տիեզերքից վերահսկվելու էր երկիր մոլորակը:
Որոշ փաստաթղթերում Վաշինգտոնին առաջարկվել է միջուկային փորձարկում իրականացնել լուսնի մոտ, կամ անմիջականորեն լուսնի մակերևույթին, այդպիսով «լուսնային ցնցում» առաջացնել ու «վախեցնել» Սովետական միությանը:
Բացահայտումների համաձայն, վերոնշյալ օպերացիայի նախապատրաստման փուլում ամերիկյան Կենտրոնական հետախուզության վարչությունը նույնիսկ կարողացել է մի քանի ժամով «առևանգել» ԽՍՀՄ հպարտություն հանդիսացող լուսնային հրթիրը, որը ցուցադրվելիս է եղել միջազգային ցուցահանդեսում: Նշվում է, թե հրթիռի մի քանի ժամով անհետացման մասին ռուսներն այդպես էլ գլխի չեն ընկել: