Արցախում գյուղատնտեսության և բնակարանաշինության ծրագրերից հետո զարկ կտրվի արդյունաբերությանը
ԱՐԻ (Artsakh Roots Investment) կազմակերպությունն Արցախի Քաշաթաղի և Շահումյանի շրջանների տնտեսության զարգացման ծրագրով արդեն շուրջ 5 մլն դրամի ներդրում է արել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց կազմակերպության գործադիր տնօրեն Մասիս Ալեքսանդրյանը:
«Քաշաթաղն ու Շահումյանը ռազմավարական նշանակության շրջաններ են, որոնցով անցնում են Հայաստանն ու Արցախն իրար կապող ճանապարհները, այդ հատվածներում որևէ ծրագրեր չէին իրականացվում, միջազգային ներդրումներ չկային, դրա համար էլ որոշեցինք հենց այդ հատվածներում աշխատել: Այսօր մեր գործարարների թիվը 150-ի է հասել»,- ասաց Մասիս Ալեքսանդրյանը:
Նա նշեց, որ Աղավնո գյուղի զարգացման նախագիծ է մշակվել, որտեղ 150 տուն է լինելու, կկառուցվի երեք փուլով և կլինի ապագայում կառուցվելիք գյուղերի մոդել: Տների կառուցումից հետո Աղավնո գյուղը կվերանվանվի Արիավան: Բնակելի տներից արդեն պատրաստ են 30-ը, ևս 20-ը նախատեսվում է ավարտել մինչև նոյեմբեր:
Մասիս Ալեքսանդրյանը հավելեց, որ ցածր՝ 6 տոկոսով վարկեր են տրամադրում մարդկանց, նաև լինում են 0 տոկոսով վարկեր, քանի որ հեռավոր շրջաններում գյուղացիների վիճակն անմխիթար է:
«Կառավարության հետ համագործակցությունը շատ արդյունավետ է: Մենք նախ սկսեցինք գյուղատնտեսության զարգացմանը միտված ծրագրերը, երկրորդը եղավ բնակարանաշինությունը, երրորդը կլինի արդյունաբերությունը: Ուսումնասիրություններ ենք անում, հնարավոր է մսագործության կամ պանրագործության հիմք դնենք»,- ասաց նա:
Կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ Բենիամին Բչակչյանն էլ ասաց, որ մասնավոր սեկտորի և կառավարական սեկտորի միջև համագործակցությունը հաջող է: Ծրագրի մեկնարկից 4 տարի անց շուրջ հազար ընտանիք է օգտվել իրենց վարկերից, մոտ 2 հազար անասուն է գնվել:
«Շուրջ 3 հազար ընտանիք այդ վարկերի կարիքն ունի»,- ասաց նա: