Գալուստ Սահակյանը հանդիպել է «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի մասնակիցներին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի մասնակիցների հետ: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
ԱԺ նախագահը ողջունել է համաժողովի մասնակիցներին և նախապես շնորհավորել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Նրա խոսքով՝ համայն հայությունը միավորվել է մեկ գաղափարի շուրջ՝ դատապարտել հայության դեմ կատարված ոճրագործությունը, հասնել ցեղասպանության ճանաչմանը մարդկության կողմից, քանի որ ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի խնդիրն է, այլև միջազգային հանրության:
ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ 2015 թվականին Երևանում Մեծ եղեռնի հարյուրամյակին նվիրված միջոցառումներին կմասնակցեն ոչ միայն հայեր, այլև Հայոց ցեղասպանությունը դատապարտող օտարազգիներ: Հյուրերը Գալուստ Սահակյանի և պատգամավորների հետ շրջել են խորհրդարանում: