«100-ից ավելի աշխատակից ունեցող հիմնարկներում 3 տոկոսը կլինեն հաշմանդամներ»
«Այս ծրագրի հիմնական նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովելն է, ինչպես նաև ստեղծել այնպիսի մոդել, որը կիրառելի ու ընդունելի կլինի ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց, այնպես էլ պետական կառույցների, գործատուների կողմից»,- լրագրողներին ներկայացնելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական որակավորման բարձրացման և ՏՏ ոլորտում աշխատանքի տեղավորման ծրագրի արդյունքները հայտարարեց «Սեյվ դը չիլդրեն» LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան:
Նրա խոսքով, հաշմանդամություն ունեցող անձինք պարզապես չգիտեն ինչպես գտնել աշխատանք, ինչպես այն փնտրել համացանցում, ինչպես կազմել ռեզյումեն և այլն: Եվ ահա հենց այս հարցերում են, որ օգնության են հասնում LIFE ծրագրի շրջանակներում, որն արդեն երկու տարի է, ինչ իրականացվում է:
Ի դեպ, Ջինա Սարգիզովան նկատեց, որ զբաղվածության կենտրոնների տվյալները վերլուծելով կարելի է ասել, որ անցած երկու տարիներին հաշմանդամություն ունեցող անձինք ավելի հաճախ են տեղավորվել աշխատանքի. «Մենք բավականին լուրջ աշխատանք ենք տանում նաև գործատուների հետ, քանի որ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք կարիք ունեն որակյալ մասնագետների: Եվ տարեց տարի ես ավելի շատ եմ հանդիպում գործատուների, որոնք հայտարարում են, որ իրենց համար կապ չունի` տվյալ անձը հաշմանդամություն ունի թե ոչ, կարևորը նրա աշխատելու որակն է և սա ուրախալի է»,- նշեց նա:
Ջ.Սարգիզովան մատնանշեց մի կարևոր միտում ևս` հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների բարձրաձայնումը բերեց նրան, որ նաև պետական մակարդակում փոփոխություն կատարվեց և «Զբաղվածության մասին» օրենքում այժմ առկա է այսպես կոչված դրական խտրականության քվոտա, որը նախատեսում է, որ 2015թ-ից սկսած 100-ից ավելի աշխատակից ունեցող պետական հիմնարկներում աշխատակիցների առնվազն 3 տոկոսը կլինեն հաշմանդամություն ունեցող անձինք: Իսկ հետագայում այս քվոտան կտարածվի նաև մասնավոր սեկտորի վրա:
Ասուլիսին ներկա «Ինստիգեյթ Մոբայլ» ՓԲԸ-ի տնօրեն Արտակ Չոփուրյանը տեղեկացրեց, որ LIFE ծրագրի ընթացքում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական որակավորման բարձրացման և ՏՏ ոլորտում աշխատանքի տեղավորմանն ուղղված դասընթացներ, ինչի արդյունքում դիմած 26 հաշմանդամություն ունեցող երիտասարդներից տասը արդեն աշխատանքի է ընդունվել իրենց ընկերությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները