Պտտահողմը վնասներ է պատճառել Գեղարքունիքի երկու տասնյակից ավելի տնտեսությունների
Բնական աղետների հետևանքով կրկին տուժել է Գեղերքունիքը: Մարզպետարանից տեղեկացանք, որ մարզի Զովաբեր գյուղում սեպտեմբերի 15-ի, ժամը 13-ի սահմաններում գրանցվել է մեծ ուժգնության պտտահողմ, որը որոշակի վնասներ է հասցրել գյուղի 24 տնտեսությունների:
Ըստ Զովաբերի գյուղապետ Սամվել Եսայանի հաղորդած տեղեկության, պտտահողմը գյուղի առանձնատների տանիքներից պոկել, ջարդել ու տարբեր ուղղություններով հեռու է շպրտել 350 հատ շիֆեր, 50 քառակուսի մետր մակերեսով թիթեղյա ծածկ, կոտրատել պտղատու ծառեր, գազի խողովակ, դրսում կայանված «Գազ-24» մակնիշի 1 ավտոմեքենա, 1 բնակարանի ապակիներ:
«Պտտահողմը սկսվեց ճիշտ այն ժամին, երբ մարդիկ արդեն Մեռելոցի օրվա առիթով սկսել էին այցելել իրենց հարազատների շիրիմներին: Այն սկսվեց գյուղի արևմտյան ծայրից և, տևելով մոտ 10-15 րոպե, ավարտվեց արևելյան եզրում: Սարսափելի էր տեսնել, թե ինչպես են օդում պարում պոկված շիֆերների կտորներն ու թիթեղները: Բարեբախտաբար, զոհերից ու վիրավորներից կարողացանք խուսափել: Միայն մեկ երեխա ստացել էր թեթև քերծվածք»,-պատմել է համայնքի ղեկավար Սամվել Եսայանը:
Վնասների հնարավոր չափերը ճշտվում են:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մարզի Ճամբարակ համայնքում հավի ձվի մեծությամբ կարկուտ էր տեղացել: Կարկուտից նաև բնակիչներ էին տուժել, մի քանի տասնյակ մեքենա էր վնասվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում