Լոռու մարզպետի հանձնարարությունը. Քանի դեռ հարկը չեն վճարել, սերմացու չտրամադրել
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անհանգստացած է հողի հարկի հավաքագրման տեմպերի թուլացման առումով:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանի ներկայացրած տվյալներով, սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները սեպտեմբերի 12-ի դրությամբ կազմել է 41 մլն. 500 հազ. դրամ, որը կազմում է պլանի 28,9 և նախորդ տարվա 38 տոկոսը, 13 մլն 900 հազ. դրամ գույքահարկ՝ կազմում է պլանի 26,5 և նախորդ տարվա 55 տոկոսը, 5 մլն 600 հազար դրամ հողի հարկ՝ կազմում է պլանի 16,3 և նախորդ տարվա 22 տոկոսը:
Մարզի ղեկավարն այս թվերին ծանոթանալուց հետո, ինչպես տեղեկանում ենք մարզպետարանից, փոխմարզպետներին հանձնարարեցլ է հետևողական լինել, վերլուծություններ կատարել՝ պատճառները վեր հանելու և իրավիճակը շտկելու համար:
«Ընդհանուր առմամբ, սեփական եկամուտների հավաքագրմամբ մարզը նախորդ տարվա ցուցանիշներից ետ է 16 մլն. դրամով և պետք է անել առավելագույնը իրավիճակը շտկելու համար: Հողի հարկի հավաքագրման ցուցանիշներով մարզը վերջին տեղում է հանրապետությունում»,-Տաիրում և Ստեփանավանում անցկացրած արտագնա նիստում մտահոգություն է հայտնել մարզպետ Նալբանդյանը:
Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, մարզի ընդհանուր ցուցանիշների վրա բացասաբար է անդրադառնում հատկապես Տաշիրի տարածաշրջանի համայնքների հավաքագրումը: Ցածր են Լեռնահովիտ, Միխայելովկա, Մեդովկա, Նովոսելցովո, Ձյունաշող, Ձորամուտ, Դաշտադեմ, Պաղաղբյուր, Մեղվահովիտ, Արծնի, Պրիվոլնոյե համայնքների հավաքագրումները: Մարզպետը պահանջել է լուրջ ուշադրություն դարձնել հատկապես հողի և գույքի վարձակալման հարկերի հավաքագրմանը:
Ստեփանավանի տարածաշրջանում այս առումով ցուցանիշները փոքր-ինչ ավելի բարվոք են, թեև՝ ոչ բավարար: Այստեղ թերանում են հատկապես Վարդաբլուր, Հոբարձի, Պուշկինո, Ամրակից, Ուռուտ, Կաթնաղբյուր, Սվերդլով, Ուրասար, Լեջան, Ագարակ, Կողես համայնքները:
Համայնքների ղեկավարները նշել են, որ բերքահավաքի արդյունքները բավարար են, թեև մի քանի գյուղերում գարնան և ամռան ամիսներին տեղացած կարկուտի հետևանքով կորուստներ եղել են: Մարզի ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսներին պետության կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ մատչելի գներով դիզվառելիք, սերմացու և պարատանյութ տրամադրելը, շարունակական կլինի: Ժամանակն է ներկայացնել նաև գարնանացանի սերմացուի պահանջարկը, իսկ աշնանացանի սերմացուի դիմաց պարտք ունեցող համայնքներին գարնանացանի սերմացու չի տրամադրվի այնքան ժամանակ, քանի դեռ պարտքը չեն մարել: