Քահանայական ձեռնադրություն և Հանրապետական մաղթանք՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվել է քահանայական ձեռնադրություն: Մայր Տաճարում մատուցված սուրբ և անմահ Պատարագի ընթացքում ձեռամբ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի քահանայական ձեռնադրություն և օծում են ստացել Գևորգյան հոգևոր ճեմարանի ինը և Քահանայից պատրաստման լսարանի չորս շրջանավարտ սարկավագներ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Արարողությանը Հայկազուն Սրբազանը քահանայության կոչել է նորընծաներին և Սրբալույս Մյուռոնով օծելով բոլորի ճակատներն ու ձեռքերը` նրանց շնորհել նոր հոգևոր անուններ: Ձեռնադրության արարողության ավարտին քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունն են բաշխեցին ներկաներին:
յնուհետև ձեռնադրող Հայկազուն Սրբազանն իր շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին` իրեն հնարավորություն ընձեռելու համար կատարելու իր անդրանիկ քահանայական ձեռնադրությունը: Սրբազանն իր շնորհավորանքներն ու պատգամը ուղղել է նաև իր հոգևոր զավակներին` նորընծա քահանա հայրերին` անդրադառնալով նրանց նոր անուններով օժտելու փաստին: «Դուք ունեիք աշխարհիկ անուններ, որոնք ձեր ծնողները սիրով ձեզ էին տվել, սակայն այսօր, երբ Սուրբ Հոգին իջնում է ամենքիդ վրա, դուք նոր մարդ և նոր արարած եք դառնում, ուստի ձեզ նորանոր անուններ են շնորհվում: …Քանի տարիներ էլ, որ սովորած լինեք ճեմարաններում, այսօր ձեր իմացական կարողության վրա ավելանում է Ս. Հոգու ազդեցությունը, և ձեր նվիրումը կատարյալ և բացարձակ է դառնում Աստծո Ս. Խորանի և մեր Ս. Եկեղեցու հանդեպ: Հետևաբար, դուք եք այս կառույցի` Եկեղեցու, լրումն ու ամբողջությունը…», - ասել է Սրբազան Հայրը:
Հայկազուն Սրբազանը հորդորել է տասներեք նորաօծ քահանաներին ամբողջանվեր ծառայությամբ հագեցնել հավատավոր ժողովրդի հոգևոր քաղցը և իրենց հայացքը սևեռելով մեր ժողովրդի հերոսական անցյալին, պատմության լավագույն օրինակներին` իրենց օծված սուրբ աջերով բարի սերմեր սերմանել:
Քարոզի ավարտին Մայր Աթոռի միաբանները բարձրացել են Ս. Խորան և համբուրելով նորաօծների մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը` նրանցից ստացել առաջին «Ողջույն»-ը:
Նորընծա քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:
Հավարտ Սուրբ Պատարագի, ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի առիթով Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Հանրապետական մաղթանքի արարողություն: Եկեղեցականաց դասը, այս օրերին Մայր Աթոռում գումարված Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի մասնակիցները և ուխտավոր հայորդիներն աղոթել են անկախ Հայրենիքի անսասանության, պայծառության ու բարօրության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ