«Սևան-Անուշ» լիմոնադը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգի պահանջներին
ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հունիսի 16-ից հուլիսի 24-ն ընկած ժամանակահատվածում ստուգում է անցկացրել «ԱՐՍԵՆ-96» ընկերությունում: Այստեղ, ինչպես տեղեկանում ենք ծառայության պետ Ա. Բախչագուլյանի որոշումից, հայտնաբերվել են մի շարք խախտումներ:
Իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում նշված է, որ սառնարանում հայտնաբերվել է 12 շիշ «Սևան-Անուշ» լիմոնադ, որոնք չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, սառնարանների ոչ բավարար լինելու պատճառով ձկնեղենը և մսեղենը պահվում էին նուն սառնարանում:
Գործի քննությանը ընկերության տնօրեն Վիգեն Քոչարյանը չի ներկայացել, որևէ միջնորդություն չի ներկայացրել: Բախչագուլյանի որշմամբ, Քոչարյանի նկատմամբ նշանակվել է տուգանք նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով՝ 80 հազար դրամ:
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Ծառայությանը հայտնի բոլոր փոստային հասցեներով «ԱՐՍԵՆ-96» ՍՊԸ-ի տնօրեն Վիգեն Քոչարյանին «Վարչական տուգանք նշանակելու մասին» որոշումը ուղարկելու, սակայն նրա կողմից ստացված չլինելու պատճառով որոշումը հրապարակվել է Ծառայության պաշտոնական կայքում: