Orange-ը 27 մլն դրամ է նվիրաբերել «Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրին
Այսօր Orange-ը հայտարարել է «Մեկ հեռախոսահամար՝ մեկ ճակատագիր» բարեգործական աճուրդի արդյունքները: Աճուրդում վաճառքի էին հանվել նոր 041 համարային շարքի 11 լավագույն համարները: Աճուրդի ընթացքում մասնակիցները ներկայացրել էին 181 հայտ: Ներկայացված համարների վաճառքից ստացված ընդհանուր գումարը կազմել է 26 956 717 դրամ: Իր խոստումի համաձայն՝ Orange-ն ամբողջ գումարը նվիրաբերել է «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական ծրագրին: Բացի այդ, Orange-ը կրկնապատկել է ամենաբարձր հայտագինը , որը կազմել է 5 200 000 դրամ՝ այն նույնպես ուղղելով նշված ծրագրին: Այս մասին հայտնում է Orange հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Տպավորված ենք մեր բարեգործական աճուրդի արդյունքներով: «Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագիրն իրականցնում ենք Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության հետ համատեղ և այն Orange Հիմնադրամի ամենակարևոր ծրագրերից մեկն է: Այս 32 մլն դրամը հնարավորություն կտա օգնել շուրջ 30 երեխայի վերադառնալ տուն: Orange Հիմնադրամի անունից շնորհակալություն եմ հայտնում աճուրդի բոլոր մասնակիցներին՝ ակտիվ մասնակցության և առատաձեռնության համար», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն, Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
«Ավելի քան 15 տարի Վորլդ Վիժնը Հայաստանում իրականացնում է ծրագրեր՝ նպատակ ունենալով համայնքներում և ընտանիքներում ապահովել բարենպաստ միջավայր երեխաների համար՝զարգանալու և լիարժեք դրսևորելու իրենց ներուժը: Orange-ի բաժանորդների առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ Վորլդ Վիժնը կշարունակի Հայաստանում աշխատել անապահով ընտանիքների հետ՝ ստեղծելու կայուն տնտեսական պայմաններ, որոնք թույլ կտան պետական խնամքի հաստատություններից երեխաներին վերադարձնել տուն՝ վայելելու իրենց ծնողների սերն ու հոգատարությունը»,- նշել է Վորլդ Վիժն Հայաստան ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:
Orange Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության «Պահենք երեխաներին ընտանիքում» համատեղ ծրագիրն իրականացվում է 2012 թվականից: Այն Orange բաժանորդներին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ամիս նվիրաբերել 100 կամ 500 դրամ: Ամսվա վերջում Orange Հիմնադրամը կրկնապատկում է ամսվա ընթացքում հավաքագրված գումարը և ուղղում ծրագրի իրականացմանը: Ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքները ստանում են միջոցներ և սարքավորումներ, որոնք իրենց եկամտի կայուն աղբյուր ապահովելու և երեխաներին ընտանիք վերադարձնելու հնարավորություն են ընձեռում: Մինչ բարեգործական աճուրդը, այս ծրագրի շնորհիվ արդեն ավելի քան 35 երեխաներ վերամիավորվել էին իրենց ընտանիքների հետ: