ՅՈՒՆԵՍԿՕ. ԻԼԻՊ-ը ոչնչացնում է Իրաքի մշակութային ժառանգությունը
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը, որը գրավել է Իրաքի ու Սիրիայի մեծ մասը, ավերում է հնագույն ժառանգությունները, թալանում ու սև շուկայում վաճառում է թանկարժեք արտեֆակտները: Ինչպես հայտնում է The Daily Star-ը, այս մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովան:
«Ծայրահեղական խմբավորումները Մոսուլում, Տիկրիտում և Իրաքի այլ վայրերում, որոնք գտնվում են իրենց վերահսկողության տակ, ավերել են դամբարաններ, եկեղեցիներ և գողացել թանկարժեք ձեռագրեր ու դրանք վաճառել արտասահմանում»,-ասել է Բոկովան` այս ամենն անվանելով «մշակութային զտում»:
Բոկովան նշել է, որ այս վայրագությունների մասին տեղյակ են պահել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ բոլոր երկրներին:
«Մենք կոչ ենք անում կազմակերպության անդամ բոլոր պետություններին, աշխարհի բոլոր թանգարաններին և հնաոճ իրեր վաճառողներին աչալուրջ լինել արվեստի այն գործերի նկատմամբ, որոնք կարող են իրենց մոտ հայտնվել այն անձնանցից, ովքեր զբաղվում են Իրաքի մշակութային ժառանգության թալանմամբ: Այս կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում ՄԱԿ ԱԽ-ին բանաձև ընդունել, որն արգելի Իրաքից և Սիրիայից արվեստի գործերի առուվաճառքն այնպես, որ կանխեն նման հանցավոր գործունեությունը»,-հայտարարել է նա:
Բացի այդ, Բոկովան հայտնել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն օդային հարվածներ իրականացնող բոլոր երկրների շտաբերին ուղարկել է պատմական օբյեկտների կոորդինատները և դրանց վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունը: