Երևանյան ճարտարապետական բիենալե-2014-ին կմասնակցեն 12 երկրների 160 ճարտարապետներ
«ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանյան ճարտարապետական բիենալե-2014-ը, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին և առաջինը լինելով` հետայսու ավանդույթ կդառնա. երկու տարին մեկ Երևանում կկազմակերպվեն ճարտարապետական բիենալեներ` նպաստելով մեր ինքնության կարևոր գործոններից մեկի` հայ ճարտարապետության քարոզմանն ու հանրահռչակմանը, դառնալով յուրահատուկ հարթակ երիտասարդ ճարտարապետների աշխատանքների ցուցադրման համար, ոչ միայն հայազգի ճարտարապետների, այլև` օտարների մասնակցության համար»,- հայտնում է քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունը:
ՀՀ քաղաքաշինության նախարարության «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ տնօրեն Աշոտ Գրիգորյանի ներկայացմամբ` երևանյան բիենալեին , որի բացումը կլինի հոկտեմբերի 6-ին, իսկ հանդիսավոր փակումը` նոյեմբերի 6-ին, մասնակցության հայտ են ներկայացրել 12 երկրներ` այդ թվում` Հայաստան, ՌԴ, Ուկրաինա, Վրաստան, Իտալիա, Շվեյցարիա, ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Թուրքիա, Քաթար, Իրան:
Մասնակիցների թիվը ևս մեծ է` 160 մասնակից, ընդ որում, կարելի է փաստել, որ բիենալեն երիտասարդացել է, մեծ թիվ են կազմում մինչև 35 տարեկան ճարտարապետները: Բնականաբար, մասնակցում են և փորձառու անհատ ճարտարապետներ, և նախագծային ինստիտուտներ: Ներկայացված աշխատանքները նույնպես բազմազան են` ճարտարապետական նախագծերից` համալիրներից և ճարտարապետական փոքր ձևերից զատ` մասնագիտական տեսական նյութեր, ֆիլմեր, ելույթներ և այլն:
Ա. Գրիգորյանի խոսքով` այս տարի բիենալեի մասնակիցները հիմնականում հայաստանյան և սփյուռքահայ ճարտարապետական շրջանակներն են, քանի որ նախապատրաստական աշխատանքների ընթացքը կարճ էր: