Աղետի գոտու խնդիրները առաջիկա երկու տարիների ընթացքում ամբողջովին լուծված կլինեն. Նարեկ Սարգսյան
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում Շիրակի մարզպետարանին պետական բյուջեից հատկացրեց 1.5 մլրդ դրամ՝ աղետի գոտու բնակչության բնակարանային խնդիրների լուծման համար: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ներկայացնելով աղետի գոտում տուժած ընտանիքներին բնակարաններ տրամադրելու հարցը` նշեց, որ Գյումրիում դեռևս անօթևան է 450 ընտանիք, և կառավարության նիստում որոշվել է այդ ընտանիքներից 215-ին տրամադրել բանկարանների գնման վկայագրեր:
«Շահառուների նախնական թիվը 430 էր, մոտ 20 ընտանիք դատարանի միջոցով ապացուցել են իրենց շահառու լինելը: Այս որոշումով լուծվում է 215-ի խնդիրը, իսկ մնացած ընտանիքներին ԲԳՎ-ներ կհատկացվեն 2015 թվականին: Այսպիսով, աղետի գոտու տուժածների հարցն արդեն լուծված կլինի»,- ասաց Ն.Սարգսյանը` հավելելով, որ Կառավարությունը մտադիր է Աղետի գոտու բնակարանաշինության ծրագիրն ավարտին հասցնել 2015-2016 թթ-ին:
«Բազմաթիվ քննարկումներ ենք արել վարչապետի մոտ, և այսօր ունենք հստակ ծրագիր, ըստ որի` Աղետի գոտու խնդիրներն առաջիկա երկու տարիների ընթացքում կավարտենք»,- նշեց նա:
Նախարարի խոսքերով` կոնկրետ հաշվառում չկա, թե Գյումրիում քանի դատարկ բնակարան կա, բայց հաշվառում արել են, թե որքանով շահառուները կարող են գնել այդ բնակարանները: Եվ եթե այդքան ընտանիք բնակարան գնի Գյումրիում, այնտեղ անշարժ գույքի շուկայում բավականին աշխուժություն կլինի:
«Ավելի ճիշտ է, որ բնակարանները տրամադրվեն այս տարբերակով: Սա նաև նրանց ընտրության հնարավորություն է տալիս:
Գյումրիում դատարկ տները շատ են: Սա փորձված եղանակ է, կիրառվել է նախկինում և դրական արդյունքներ տվել է»,- նշեց Ն.Սարգսյանը` ավելացնելով, որ բնակչին առձեռն չեն տալիս գումարը, այլ փոխանցում են գնվելիք բնակարանի սեփականատիրոջը:
Քաղաքաշինության նախարարը տեղեկացրեց նաև, որ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարաններ են կառուցվում Ախուրյանում՝ 130 բնակարան, շուրջ 250 անհատական բնակարան էլ կառուցվում է
Լոռու մարզում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ