Մարքեթինգի, բրենդի, դիզայնի միջազգային կարգի մասնագետները կայցելեն Արցախ
Հոկտեմբերի 16-ից 18-ը Հայաստանում տեղի կունենա Երևանի միջազգային կոմունիկացիաների բիենալե, որի նպատակն է կապ հաստատել աշխարհի երկրների գովազդային ընկերությունների միջև, ինչպես նաև փորձի ու գիտելիքների փոխանակում անել:
Միջոցառումից հետո աշխարհի տարբեր երկրներից հրավիրված մարքեթինգի, բրենդի, դիզայնի միջազգային կարգի մասնագետները կայցելեն Արցախ: Բիենալեի նախագահի խոսքերով, այս բիենալեն նվիրված է Արցախին: Լեռնային Ղարաբաղում շրջելուց, պատմական վայրերին, արցախցիներին ու նրանց ավանդույթներին, կենցաղին ծանոթանալուց հետո համատեղ ուժերով կծնվի Արցախի` որպես պետության բրենդը. «Ամբողջ աշխարհում այդպես է, բրենդը փոխկապակցված է լինում երկրի հետ, երբ ասում ենք «Մերսեդես», միանգամից հասկանում ենք Գերմանիա, գերմանական որակ»,-ասել է Արմեն Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում են Բիենալեի կազմակերպիչ՝ Հայաստանի գովազդային խորհուրդը:
Բիենալեի բացումը տեղի կունենա Հանրային ռադիոյի շենքում:
«Նպատակն այն է, որպեսզի նոր տուրիստական օջախ լինի Հայաստանում, քանի որ հայկական ռադիոյի անեկդոտները ճանաչված են աշխարհով մեկ, մենք ուզում ենք Հայաստանն ունենա ևս մի տուրիստական վայր».- նշել է Արմեն Մարտիրոսյանը:
Բիենալեի նախագահն նաև հավելել է, որ հյուրերն իրենց երկրներում շատ ազդեցիկ մարդիկ են և իրենք փորձելու են նրանց հնարավորությունները ի շահ Հայաստանի օգտագործել,- «Արդեն երեք ընտանիք է ծնվել մեր միջոցառումների ընթացքում, հայկական ընկերությունները պատվերներ ունեն դրսից, ինչը արտագաղթը կանգնեցնելու ևս մեկ հնարավորություն է: Մենք ուզում ենք, որ Հայաստանը մարքեթինգի, բրենդի, դիզայնի ոլորում լինի առաջատար, փորձում ենք ցույց տալ մեր երկրի ամենագեղատեսիլ վայրերը»:
Ծրագրված է, որ Ուկրաինայից, Բելառուսից, Լատվիայից, Էստոնիայից, Մոլդովայից, Իրանից, Ուզբեկստանից, Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից Ղազախստանից, Վրաստանից, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանից ժամանած հյուրերը շրջելու են Հայաստանով, իրենց ձեռքով տոլմա ու խորոված են պատրաստելու, խաղող են ճզմելու: Բիենալեի հիմնական անվանակարգերն են` հեռուստատեսային և տեսագովազդ, տպագիր և արտաքին գովազդ, թվային և նոր մեդիա, Ռադիո գովազդ, գրաֆիկ դիզայն, մարքեթինգային արշավներ, PR արշավներ, գիրք, սոցիալական գովազդ: Միջոցառման շրջանակներում հայաստանցի մասնագետները նաև վարպետաց դասեր կառնեն միջազգային կարգի մասնագետներից:
«Այփի մարքեթինգ» ընկերության տնօրեն Արսեն Սուլթանյանի խոսքերով, Հայաստանում կրթական դաշտը բաց է, սակայն, մակարդակը ցածր է, և հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչները, նույնպես, գտնում են, որ կարիք կա ծանոթանալու դրսի մասնագետների փորձին` նոր գիտելիքներ ձեռք բերելու նպատակով:
«Բեքբոն բրենդինգ» ընկերության ստեղծագործական տնօրեն Ստեփան Ազարյանն էլ նշեց, որ ընկույզի կեղևն ընտրել են որպես քարտեզ, քանի որ նման է ռելիեֆի, իսկ քարտեզի գաղափարը` ճանապարհներն են, այսինքն` բոլոր ճանապարհները բերում են դեպի Երևան, դեպի բիենալե:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ