«Հայաստանի կառավարությունը կարևոր նշանակություն է տալիս միգրացիայի ոլորտում ԱՊՀ շրջանակում համագործակցությանը»
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր մասնակցել է Երևանում աշխատանքներն սկսած՝ ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 16-րդ նիստի բացմանը և հանդես է եկել ողջույնի խոսքով:
Ընդգծելով, որ միգրացիոն գործընթացների կանոնակարգումը ՀՀ կառավարության գերակայություններից է՝ փոխվարչապետը ներկայացրել է վերջին տարիներին ոլորտում օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ կատարված աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Հայաստանի կառավարությունը կարևոր նշանակություն է տալիս միգրացիայի ոլորտում միջազգային, հատկապես՝ ԱՊՀ շրջանակում համագործակցությանը, որն արտահայտվում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: Մեր երկիրը միացել է ԱՊՀ շրջանակում գործող՝ միգրացիոն ոլորտին վերաբերող բոլոր փաստաթղթերին: Հայաստանը հոկտեմբերի 10-ին ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը, և այս տարածքում ինտեգրացիոն գործընթացներով պայմանավորված՝ մեզ համար միգրացիայի ոլորտում փոխգործակցության նոր հեռանկարներ են բացվում»,- ընդգծել է փոխվարչապետը:
Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունների առումով Հայաստանը հատկապես սերտորեն է համագործակցում Ռուսաստանի՝ որպես հայ միգրանտներին ընդունող հիմնական երկրի հետ:
Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 16-րդ նիստում ընդունվելիք որոշումները ևս դրական ազդեցություն կունենան ԱՊՀ տարածքում միգրացիոն գործընթացների կանոնակարգման համար և արդյունավետ աշխատանք է մաղթել նիստի մասնակիցներին:
ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի գործունեությունն ուղղված է միգրացիոն քաղաքականության ոլորտում փոխգործակցության համակարգմանը և առկա խնդիրների լուծմանը: Հայաստանում խորհրդի նիստն անցկացվում է առաջին անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ