Ադիբեկյան. Իշխանության գալու ճիշտ ճանապարհը կոալիցիա մտնելն է
Երբ խորհրդարանի մաս կազմող կուսակցությունը դեմ է դուրս գալիս գործող իշխանությանը, ապա նա դեմ է ինքն իրեն, որովհետև ինքը ևս իշխանության մաս է կազմում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
«Այսօր ոչ իշխանական եռյակը պետք է պայքարի միայն գործադիր իշխանությունում փոփոխություն անելու համար»,-ասաց սոցիոլոգը:
Հարցին, թե այսօր ընդդիմությունը իշխանափոխություն է ուզում, թե հեղափոխություն՝ սոցիոլոգը պատասխանեց, որ հայերը հեղափոխական ազգ չեն, հեղաշրջում հնարավոր է լինի, ինչը տեղի ունեցավ 1996 թվականին, բայց հեղափոխություն՝ ոչ:
Իսկ, թե ովքեր կարող են լինել հաջորդ նախագահական ընտրությունների հավանական թեկնածուները, նա նշեց, որ դեռևս որևէ մեկին չի տեսնում. «Իշխանության մեջ դեռևս Սերժ Սարգսյանից բացի մարդ չի երևում, ընդդիմությունում էլ որևէ մեկը չի առանձնանում»:
Ըստ նրա իշխանության գալու ճիշտ ճանապարհը կոալիցիա մտնելն է: